Մատչելիության հղումներ

Վարչապետը դրական է գնահատում 2009-ին իրականացված հակաճգնաժամային միջոցառումները


Վարչապետ Տիգրան Սարգսյանը
Վարչապետ Տիգրան Սարգսյանը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հինգշաբթի օրը կառավարության հերթական նիստին ազդարարեց, որ ամփոփվել են առաջին եռամսյակի արդյունքները:

«Պետք է արձանագրենք, որ հակաճգնաժամային միջոցառումները, որ մենք իրականացրել ենք 2009 թվականին, ակնառու ձեւով արդեն իսկ ցույց են տալիս իրենց դրական ազդեցությունը մեր տնտեսության վրա: Առաջին երկու ամիսների պաշտոնական ցուցանիշը ՀՆԱ-ի մենք ունենք, որը գերազանցում է մեր ծրագրայինը երկուեւկես անգամ: Եվ դա ընդլայնողական հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականության ազդեցության ներքո է տեղի ունեցել», - նշեց վարչապետը:

Իսկ պետբյուջեի հարկային կատարողականը, վարչապետի խոսքով, վկայում է, որ «եռամսյակի կտրվածքով մենք նույնպես ունենալու ենք տնտեսական աճի բարձր ցուցանիշներ, որովհետեւ ե'ւ հարկային, ե'ւ սոցիալական վճարների գծով մենք ունենք եռամսյակի ցուցանիշների գերակատարում»:

Տիգրան Սարգսյանը ընդգծեց նաեւ այն, որ առաջին եռամսյակում շուրջ 5,8 տոկոսով ավելացել են աշխատավարձերը. - «Ինչը նույնպես վկայում է դրական դինամիկայի մասին, որովհետեւ աշխատավարձերը բարձրացել են ե'ւ պետական, ե'ւ մասնավոր հատվածում»:

Վարչապետը անդրադարձավ նաեւ գնաճի բարձր մակարդակին՝ ասելով. - «Մենք մտել ենք գնաճային բարձր մակարդակի փուլ, որը պայմանավորված է նաեւ ընդլայնողական հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականությամբ, եւ դա բնական է, որովհետեւ ընդլայնողական քաղաքականությունը, մի կողմից, խթանում է տնտեսական աճը, բայց, մյուս կողմից, բերում է գնաճային ճնշումներ: Կառավարության եւ Կենտրոնական բանկի գերագույն խնդիրը այս ոլորտում լինելու է՝ միջոցառումներ իրականացրել՝ զսպելու գնաճային ճնշումները: Այս պահի դրությամբ՝ մարտը փետրվարի նկատմամբ, մենք արձանագրել ենք 0.8 տոկոս գնաճ, որը վատ ցուցանիշ չէ»:

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն, տնտեսագիտության թեկնածու Անդրանիկ Թեւանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վարչապետի հայտարարությունների առնչությամբ ասաց. - «Ընդլայնողական քաղաքականություն կոչվածը տնտեսագիտության մեջ հետեւյալն է, երբ պետությունը ծախսումները ավելացնում է, իսկ դրամավարկային առումով փողը դարձնում է ավելի մատչելի եւ ավելի էժան: Իսկ հարկաբյուջետային առումով արդեն պետությունը մի կողմից ծախսերն է ավելացնում, մյուս կողմից՝ պակասեցնում է հարկային ճնշումները»:

Թեւանյանը գտնում է, որ այս պարագայում ընդլայնողական կոչված քաղաքականությունը խեղաթյուրվել է եւ արդյունավետ չի կիրառվել. - «Դրամավարկային առումով մի պահ վերաֆինանսավորման տոկոսադրույքները Կենտրոնական բանկը իջեցրեց, բայց դա էական ազդեցություն չթողեց բանկային տոկոսադրույքի վրա, որի պարագայում արդեն հնարավոր չէ խոսել ընդլայնողական քաղաքականության մասին: Իսկ հարկաբյուջետայինի առումով, պետությունը ուղղակի կրկնապատկեց մեր արտաքին պարտքը, տնտեսական քաղաքականությունը կառուցեց դրսից վարկ վերցնելու վրա: Իսկ ներսում կառավարությունը այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն իրականացրեց, որի առաջին զոհերը դարձան փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները, եւ տնտեսությունը, ըստ էության, բավական լուրջ ճնշումների ենթարկվեց»:

Կառավարության նիստում խոսելով այսօրվա գնահատականների ու Կենտրոնական բանկի կանխատեսումների վերաբեյալ՝ Տիգրան Սարգսյանը ասաց - «Մինչեւ տարվա վերջ մեզ կհաջողվի փոքր-ինչ զսպել գնաճային ճնշումները, եւ այս ցուցանիշները կնվազեն: Մենք եկել ենք համաձայնության նաեւ Արժութային հիմնադրամի հետ, եւ մեր բոլոր մակրոտնտեսական ցուցանիշները 2010 թվականի ունենալու են չեզոք ազդեցություն գնաճի վրա»:

Վարչապետը վստահեցրեց նաեւ, թե 2009 թվականին չի խաթարվել երկրի ֆինանսական եւ մակրոտնտեսական կայությունը. - «Այս պահի դրությամբ, մենք 150 միլիարդ դրամից ավելի կուտակված պաշարներ ունենք գանձապետական մեր հաշիվներում [Կենտրոնական բանկի]: Այդ թվում նաեւ ունենք կայունացման հիմնադրամ, որը նույնպես կարող ենք ուղղել տնտեսական, սոցիալական խնդիրներ լուծելու համար՝ եթե լինեն ճգնաժամից բխող բացասական անկանխատեսելի հետեւանքներ»

Անդրանիկ Թեւանյանը «զարմանալի» որակեց նախորդ տարվա ֆինանսական եւ մակրոտնտեսական կայունության մասին կառավարության ղեկավարի հայտարարությունը:

«Պաշտոնական տվյալներով, արձանագրվել է 14,4 տոկոս ՀՆԱ-ի անկում, եւ տնտեսության բոլոր ոլորտներում, բացառությամբ մանրածախ առեւտրի ոլորտի, պաշտոնապես արձանագրվել է անկում, որոշ ոլորտներում՝ երկնիշ ցուցանիշներով: Խոսել այս պարագայում մակրոտնտեսական ցուցանիշների կայունության մասին, հնարավոր չէ», - ասաց նա:

Գնաճի տեմպերին անդրադառնալով՝ տնտեսագետը ասաց. - «Հայաստանը որդեգրել է 4 պլյուս-մինուս 1,5 տոկոս տարեկան ինֆլյացիայի տեմպի քաղաքականություն: Այս պահին մենք արդեն 9 տոկոս ունենք՝ տարեկան կտրվածքով եթե հաշվենք»:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր նաեւ տեղեկացրեց, որ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հաստատել է Հայաստանի կառավարության հետ համագործակցության հաշվետվությունը, ինչի արդյունքում այս տարի կառավարությունը կստանա ԱՄՀ-ի շուրջ 150 միլիոն դոլար ֆինանսական օժանդակությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG