Մատչելիության հղումներ

Սփյուռքի ներկայացուցիչները մեկնաբանում են իրենց հետ հանդիպելու` Թուրքիայի ծրագրերը


Հայկական սփյուռքի ներկայացուցիչները բողոքում են հայ - թուրքական արձանագրությունների սպասվող ստորագրման դեմ, Նյու Յորք, 3-ը հոկտեմբերի, 2009թ.

Հայկական սփյուռքի ներկայացուցիչները բողոքում են հայ - թուրքական արձանագրությունների սպասվող ստորագրման դեմ, Նյու Յորք, 3-ը հոկտեմբերի, 2009թ.

Ամերիկայում, Եվրոպայում եւ Լիբանանում հայկական սփյուռքի ներկայացուցիչները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանեցին սփյուռքի հետ բանակցելու հնարավորության վերաբերյալ Թուրքիայի պաշտոնյաների ու քաղաքական գործիչների կողմից վերջերս հնչող հայտարարությունները:

Նման հայտարարություն անցած շաբաթ արել էր Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, իսկ օրերս էլ «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության փոխնախագահ Սուաթ Քընըքլըօղլուն Star թերթի հարցազրույցում ասել է, թե ապրիլին Վաշինգտոն կատարելիք այցելության ընթացքում հնարավոր է հանդիպում ունենա հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ: Պաշտպանելով սփյուռքի հետ շփումներ ունենալու` Դավութօղլուի առաջարկը, Քընըքլըօղլուն ասել է. - «Նրանք նաեւ մեր երկրի որդիներն են, մենք շատ ընդհանուր բաներ ունենք, երես առ երես խոսելը կարեւոր է` նույնիսկ եթե մենք չենք կարող համաձայնության հասնել»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով Թուրքիայի պաշտոնյաների այս վերջին նախաձեռնությունները` Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի մամուլի պատասխանատու Էլիզաբեթ Չուլջյանը ասաց. - «Թերթերից տեղեկացել ենք այդ տեսակ հայտարարությունների մասին, անշուշտ որեւէ կապ չի եղել մեր գրասենյակի հետ կամ մեր կազմակերպության հետ այս գծով: Սա զարմանալի չէ, որովհետեւ ամեն տարի այս ժամանակներում տեսնում ենք, որ թուրքական կառավարության ներկայացուցիչները այսպիսի ձեւական կոչեր են անում` լինի ամերիկահայ գաղութին, կամ ընդհանրապես` հայկական կազմակերպություններին, երկխոսության: Ձեւական են այս կոչերը»:

Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ատենապետուհի Հիլդա Չոբոյանը, իր հերթին, նույն հարցի շուրջ «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Ես կարծում եմ, որ հիմնականում, սկզբունքայնորեն, խելացի քայլ է իրենց կողմից սփյուռքի հետ կապ ստեղծելը»:

Միաժամանակ, նա ընդգծեց, որ պարզ չէ` ինչ կուսակցությունների, կազմակերպությունների հետ են ցանկանում շփումներ ունենալ Թուրքիայի իշխանությունները, եւ նշեց, որ սփյուռքում էլ կարելի է մարդկանց գտնել, որոնք այս կամ այն պատճառով կարող են անընդունելի զիջումների գնալ:

Թուրքական կողմի վերջին հայտարարությունները «հույս չեն ներշնչում մեզ, որ իսկապես լուրջ քայլ է սա, բայց պետք է տեսնել», - ասաց Հիլդա Չոբոյանը:

Բեյրութից Եղիկ Ջերեջյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե նման շփումները նորություն չեն` 1978 թվականին Ժնեւում, թուրքական կողմի նախաձեռնությամբ, Թուրքիայի վարչապետը հանդիպել է հայկական երեք ավանդական կուսակցությունների առաջին դեմքերի հետ: Բացի այդ, ընդամենը մի քանի տարի առաջ Թուրքիայի արտգործնախարարի օգնականը Ամերիկայում հանդիպում է ունեցել հայկական բոլոր կազմակերպությունների, ինչպես նաեւ Հայկական բարեգործական ընդհանուր միության, Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ:

Ներկայիս առաջարկների մասին Ջերեջյանը ասաց, որ խաղաղ կարգավորման առաջին պայմանը նստել-խոսելն է. - «Իմ սկզբունքը հետեւյալն է. Թուրքիան ուզո՞ւմ է հանդիպենք` կհանդիպենք, մեր տեսակետները կասենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG