Մատչելիության հղումներ

Ապրիլի 1-ի մամուլ


«168 ժամ»-ին տված հարցազրույցում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի` քաղաքականություն վերադառնալու հավանականությանը, Ռազմավարական հետազոտությունների ազգային կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը ասել է. - «Ես չեմ կարծում, թե որեւէ մեկը ուզում է, որ Ռոբերտ Քոչարյանը վերադառնա: Նա այն մարդն է, ով հայտնվում է Իրանում կամ Ֆրանսիայում, երբ Սերժ Սարգսյանն այնտեղ է լինում: Նա ռուսական բիզնեսի համար է աշխատում: Հակառակ բոլոր վախերի` Քոչարյանը դեռ չի վերադառնա: ՀՀ նախկին եւ ներկա նախագահների հակասությունը իրական է եւ բնական է: Բայց դա Մեդվեդեւ - Պուտին հակասությունը չէ: Դա շահերի մրցակցություն է: Ուժի, ազդեցության մասին է խոսքը: Նախկին նախագահի ասածներն արտաքին քաղաքականության հետ կապ չունեն: Այդ տարաձայնությունը ներքին նշանակություն ունի»:

«Հայք»-ը «Ապրիլի 1-ի երկիրը» վերնագրված խմբագրականում գրում է. - «Ռոբերտ Քոչարյանը բնակության վերաբերյալ կեղծ տեղեկանք ներկայացնելով գրանցվեց նախագահի թեկնածու, հետո ընտրակեղծիքների օգնությամբ զբաղեցրեց նախագահի պաշտոնը: Հեղելով հայ ժողցովրդի արյունը նա իր աթոռը հանձնեց Սերժ Սարգսյանին եւ մինչեւ կհասցներ լքել իր աշխատասենյակը Հայաստանի բանտերը լցրեց քաղբանտարկյալներով: Ընդ որում, մենք մինչ օրս դեռ քաղբանտարկյալներ ունենք: Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Հովիկ Աբրահամյանը, որը նախկինում ոչ այնքան մեծ հաջողություններով աշխատել է գինու փոքրիկ գործարանի դատարկ շշերի պահեստում: Վարչապետի պաշտոնը զբաղեցնում է Տիգրան Սարգսյանը, որը երկար տարիներ ղեկավարել է ՀՀ ԿԲ-ն եւ հաջողությամբ վաճառել Հայաստանի ոսկու պաշարները: Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոններից մեկը զբաղեցնում է Արեւիկ Պետրոսյանը, որը մինչ օրս որեւէ քաղաքական բնույթի հայտարարություն չի արել եւ որեւէ հարցի շուրջ իր կարծիքը չի հայտնել: Հազարամյա պատմություն ունեցող Երեւանը ղեկավարում է մականունավոր Գագիկ Բեգլարյանը: Նախարարները մեկը մյուսին հերթ չտալով հանդես են գալիս ցինիկ հայտարարություններով: Իսկ ամենակարեւորն այն է, որ 21-րդ դարում Հայաստանում որեւէ արդար, ազատ եւ ժողովրդավարական ընտրություններ չեն անցկացվել: Ահա այս ձեռքբերումներով էլ դիմավորում ենք ապրիլի 1-ը` հումորի եւ ծիծաղի միջազգային օրը: Այլ կերպ ասած, մեզ մոտ միշտ էլ ապրիլի 1 է»:

Թեման շարունակում է lragir.am-ը: «Նաեւ ծիծաղով պետք է հաղթենք։ Ինչ-որ մի ժամանակից մեր կյանքում տեղ գտավ այդ անհեթեթ արտահայտությունը, որպես սոցիալական, հոգեբանական, ֆինանսատնտեսական ծանր իրավիճակից ելքի տարբերակ։ Ու թերեւս այդ տարբերակը նաեւ դարձավ պետական քաղաքականության մաս, ու իշխանությունը կարծես թե որդեգրեց հասարակությանը ծիծաղեցնելու միջոցով տրամադրություն բարձրացնելու մարտավարությունը։ Ու ինչպես լինում է բարձր մակարդակ ունեցող հումորի եւ երգիծանքի դեպքում, այդ ամենն արվում է դեմքի կամ ձայնի լուրջ արտահայտությամբ», - գրում է մեկնաբանն ու մանրամասնում. - «Թեեւ ապրիլի 1-ն այսօր է, այդուհանդերձ կառավարությունը կարծես թե մի քանի օր առաջ որոշում է կայացրել ապրիլի 1-ին ընդառաջ սկսել բնակչությանը ծիծաղեցնելու աշխատանքը։ Թերեւս դրանով է բացատրվում այն քարոզչական արշավը, որ կառավարությունն իրականացնում է ընտանեկան նպաստներն ու թոշակները բարձրացնելու որոշման կապակցությամբ»։

«Հայոց Աշխարհ»-ի փոխանցմամբ, համընդհանուր թանկացումները դժվար թե շրջանցեն ավիատոմսերը. - «Փորձագետները նշում են, որ ավիատոմսերի հնարավոր թանկացումը առաջին հերթին պայմանավորված կլինի ավիավառելիքի չափազանց բարձր գնով։ Խնդիրն այն է, որ «Զվարթնոց» օդանավակայանը տնօրինող «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը ավիավառելիքի մեկ տոննան ավիաընկերություններին, այդ թվում` ազգային ավիափոխադրող «Արմավիա»-ին, վաճառում է 1005-1008 դոլարին համարժեք գնով։ Սակայն աշխարհում նման բարձր գին պարզապես գոյություն չունի։ Համեմատության համար նշենք, որ այն քաղաքներում, դեպի ուր չվերթեր են իրականացվում Երեւանից, 1 տոննա ավիավառելիքի գները տատանվում են 600-900 դոլար գնային միջակայքում»։

«Առավոտ»-ի խմբագրականում կարդում ենք. - «Լինում են, չեն լինում՝ երեք նախագահներ։ Ու սկսեցին այդ երեք նախագահները վիճել։ Թեման էլ իրենց շատ հոգեհարազատ է՝ ով, երբ եւ ինչպես էր ուզում (կամ ուզում է) ծախել Ղարաբաղը։ «Բա մեր ժամանակ էդպե՞ս էր»։ Թեման այնքանով է լավը, որ հենց դրանով են Հայաստանում նախագահ փոխում։ Քաղաքական դաշտն էլ բաժանվել է երեք մասի. ա) ով ուզում է, որ գնա 3-րդը եւ գա 1-ինը, բ) ով ուզում է, որ գնա 3-րդը եւ գա 2-րդը, գ) ով ուզում է, որ մնա 3-րդը: Իդեալական լուծումը կլիներ, եթե ներկայիս նախագահը ավարտեր իր ժամկետը 2013 թվականին, որից հետո երեքն էլ համատեղ հայտարարեին, որ մեկընդմիշտ հեռանում են քաղաքականությունից։ Իսկ ամենից լավը կլիներ, որ Հայաստանում ընդհանրապես նախագահ չլիներ, որ մարդիկ իրենց չկոտորեին իշխանության համար։ Բայց դա, իհարկե, ֆանտաստիկա է»։

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը անդրադառնում է «կլոր սեղան» կազմակերպելու` «ժառանգության» առաջարկին՝ գրելով. - «Մեծ հաշվով, եթե Հայաստանն արդեն հայտնվել է այն վիճակում, որ պետք է մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները եւ լրջանալ, ապա «լրջանալու ֆորմատը» հայտնի է. սեղանի շուրջ պիտի նստեն ընդամենը երեք հոգի` Լեւոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը։ Դրանով իսկ, հավատացնում ենք, ներկայացված կլինի քաղաքական դաշտի ողջ սպեկտրը։ Էլ ի՞նչ կապ ունի այստեղ «Ժառանգություն»-ը։ Գիտակցո՞ւմ են Հայաստանի այսօրվա իշխանավորները, որ երկիրը հայտնվել է ծանրագույն վիճակում։ Եթե գիտակցում են, ուրեմն Սերժ Սարգսյանը ինքն է պարտավոր նման «եռակողմ» հանդիպում կազմակերպել, եթե չեն գիտակցում` ցանկացած «կողքի» նախաձեռնություն անիմաստ է»։

«Հրապարակ»-ի խմբագիրը հարցնում է. - «Ինչո՞ւ է մեր հասարակությունը այդքան հակված տարբեր խուճապային տրամադրությունների, կեղծ լուրեր եւ հորինված պատմություններ տարածելու։ Տարբեր ժամանակներում դրանք տարբեր կերպ են արտահայտվում. մեկ բերնեբերան հաղորդում են, թե մոտ օրերս կառավարությունում կտրուկ փոփոխություններ են լինելու, մեկ պատերազմի մասին են գուժում, մեկ հայտարարում են, որ արտահերթ ընտրություններն անխուսափելի են, մեկ լուրեր են տարածվում, թե Նիկոլ Փաշինյանին են ազատ արձակել։ Անշուշտ, բոլոր ինֆորմացիոն հոսքերի տակ տարբեր պատճառներ են թաքնված։ Սակայն դրանց բոլորին մի հատկանիշ է միավորում, եւ դա անհնարին է չնկատել. հասարակությունը կարոտ է փոփոխությունների, հոգնել է ճահճային վիճակից, եւ անգամ բացասական տրամադրությունները մեզանում դարձել են պահանջված։ Այս ստագնացիոն վիճակը, երբ ոչինչ չի կատարվում` ոչ լավ, ոչ վատ, մարդկանց անհուսություն է ներշնչում։ Ցանկացած շարժում, անգամ այն, որի ելքը մարդուն հայտնի չէ, ինչ-որ բան փոխվելու հեռանկար է ծնում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG