Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչները քննադատում են Պետրոս Շիրինօղլուի հայտարարությունները


Թուրքիա -- Ստամբուլի «Թակսիմ» հրապարակը

Թուրքիա -- Ստամբուլի «Թակսիմ» հրապարակը

Թուրքիայում ապրող ավելի քան երեք հարյուր հայեր չորեքշաբթի տարածած ստորագրահավաք-հայտարարությամբ քննադատել են տեղի հայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչներից Պետրոս Շիրինօղլուի՝ Թուրքիայի հայ համայնքի անունից օրերս հնչեցրած հայտարարությունները։

Պետրոս Շիրինօղլուն Թուրքիայի վարչապետի հետ հանդիպումից հետո ասել էր, թե 1915 թվականին տեղի ունեցածի վերաբերյալ չէր ցանկանա օգտագործել ցեղասպանություն բառը եւ հավելել էր, թե՝ «այդ դեպքերը երկու ընկերների միջեւ տեղի ունեցած կռիվ էր»։

«Հնարավոր է՝ մենք ապրում ենք տարբեր Թուրքիաներում», - այսպես է վերնագրված տարածված հայտարարությունը, որի հեղինակները, մասնավորապես, դատապարտել են Շիրինօղլուի խոսքերը Հայոց ցեղասպանության մասին եւ դա գնահատել իբրեւ մարդկության հանդեպ գործած այդ մեծագույն ոճիրի պարտակման փորձ:

«Տհաճությամբ ընդունեցինք «Սուրբ Փրկիչ» Հայկական հիվանդանոց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուի այդ խոսքերը», - ասված է հայտարարությունում։

«Պետրոս Շիրինօղլուն «հայկական համայնքի ղեկավարը չէ», ինչպես Թուրքիայի վարչապետի գրասենյակն է հայտարարել», - հարկ են համարել ճշտում մտցնել ստորագրահավաքի մասնակիցները՝ շարունակելով. - «Նա «Սուրբ Փրկիչ» Հայկական հիվանդանոց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, ուստի այդպիսի հայտարարություններ անելը նրա լիազորությունների շրջանակում չէ, եւ այդ խոսքերը արտահայտում են միայն նրա անձնական կարծիքը եւ ոչ թե հայկական համայնքի դիրքորոշումը»։

Նամակի տակ իրենց ստորագրությունը դրած հայերը պահանջում են ուղղել սխալները, որոնցով հասարակությանը մոլորության մեջ են գցել՝ պնդելով, որ այդ արտահայտությունները հայ համայնքի անունից են արվում։

«Գուցե նա իրեն ապահով է զգում, բայց սուտ է պնդումը, որ Թուրքիայում ապրող բոլոր հայերը իրենց ապահով են զգում։ Այս երկրում հայերը ռասիզմի եւ խտրականության են հանդիպում, հայերին օգտագործում են որպես միջազգային հարաբերություններում առ ու ծախի առարկա, իսկ հասարակության լայն շերտերում շարունակում են պահպանվել հակահայկական տրամադրությունները», - անդրադառնալով Շիրինօղլուի այն խոսքերին, թե «հայերն իրենց ապահով են զգում Թուրքիայում», նկատել են հայտարարության հեղինակները։

«Մենք պարոն Շիրինօղլուից սպասում էինք, որ նա կհիշի եւ վարչապետ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ նրան կհիշեցնի, թե ինչպես երեք տարի առաջ սպանվեց Հրանտ Դինքը եւ ինչպես է պատահել, որ որեւէ իրական քայլ չի ձեռնարկվել այդ հանցագործության իրական կազմակերպիչներին բացահայտելու ուղղությամբ», - նաեւ նշված է հայտարարության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG