Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ապրիլի 12-ին կմեկնի Վաշինգտոն


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 12-ին կմեկնի Վաշինգտոն` մասնակցելու Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի նախաձեռնած Գլոբալ միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովին:

Նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Բարաք Օբամայի, Թուրքիայի պատվիրակության ներկայացուցիչների հետ, ասաց, թե համաժողովի շրջանակներում «կարող են լինել հանդիպումներ տարբեր մասնակիցների հետ»:

Հարկ է նշել, որ թեեւ թուրքական կողմը դեռեւս պաշտոնապես չի հաստատել վարչապետի Էրդողանի մասնակցությունը համաժողովին, սակայն թուրքական հեռուստաալիքներից Sky Turk-ը չորեքշաբթի օրը հաղորդել է, որ Էրդողանը մեկնելու է Միացյալ Նահանգներ:

Սերժ Սարգսյանի գլխավորած Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով հարցին, թե նախագահի այցը ԱՄՆ-ը կարո՞ղ է ազդեցություն ունենալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ, մասնավորապես, արձանագրությունների վավերացման գործընթացի վրա, ասաց, որ իրենց համար «դժվար է որեւէ գնահատական տալ, քանի որ դեռեւս պարզ չէ, թե արդյոք կկայանա Սարգսյան - Էրդողան հանդիպումը»:

Նորանկախ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը առաջիկայում որեւէ փոփոխություն թուրքական դիրքորոշման մեջ չի ակնկալում:

«Թուրքիայի Հանրապետությունը հստակ հայտարարել է բարձրագույն մակարդակով, որ պատրաստ է վավերացնել այդ արձանագրությունները միայն այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղի հարցում կլինի առաջընթաց՝ ըստ իրենց պատկերացումների: Նման առաջխաղացում մոտակա երկու-երեք շաբաթների ընթացքում ես չեմ սպասում, ուստի որեւէ ակնկալիք չունեմ», - ասաց Արզումանյանը:

Հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգների կողմից գործադրվող ճնշումները Թուրքիայի վրա որեւէ ազդեցություն չեն ունենա, Արզումանյանը արձագանքեց, թե Օբամայի վարչակազմի, ինչպես նաեւ ԱՄՆ-ի նախկին իշխանությունների համար Թուրքիան կարեւորագույն «ստրատեգիական գործընկեր» է, եւ ԱՄՆ-ի շահերից է բխում Թուրքիայի հետ ունենալ լավ հարաբերություններ:

«Անշուշտ, նրանք դեմ չեն, որ Հայաստանի հետ Թուրքիայի կնճիռները հարթվեն, եւ ամեն ինչ անելու են այդ ուղղությամբ: Սակայն՝ ոչ մի դեպքում չվտանգելով իրենց ստրատեգիական հարաբերությունները Թուրքիայի հետ», - ասաց Ալեքսանդր Արզումանյանը՝ հավելելով. - «[Օբաման] չի օգտագործելու «ցեղասպանություն» բառը, չի ընդունվելու Կոնգրեսի լիագումար նիստին Հայոց ցեղասպանության ճանաչման որեւէ բանաձեւ: Բոլորս մնալու ենք ունայն այնպես, ինչպես տարիներ շարունակ»:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը՝ նախկին արտգործնախարարը ասաց. - «Պայմանավորվածությունները իրենց վրա [Հայաստանի իշխանությունները] վերցրել են, ստանձնել են պատասխանատվություն, խոստումներ են տվել, եւ աթոռ պահպանելու համար ամեն ինչի պատրաստ են գնալու… Հիմա էլ իրականացնելու պահն է եկել, խոստումները ի կատար ածելու ժամանակն է: Եվ այլեւս, կարծում եմ, որեւէ մեկը թույլ չի տալու, որ խուսանավեն եւ հրաժարվեն իրենց խոստումները իրականացնելուց: Այնպես որ, շատ բուռն զարգացումներ են սպասվում մոտական մեկ-երկու ամիսների ընթացքում»:

Հարցին, թե արդյո՞ք ընդդիմությունը նույնպես համաձայն է Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի դիմաց Ադրբեջանին գրավյալ տարածքները վերադարձնելու տարբերակին, Արզումանյանը պատասխանեց, թե «կարելի է քննարկել որոշ տարածքներից դուրս գալու հարցը», սակայն խնդիրն այն է, որ «այսօր իշխանությունները հրաժարվել են Ղարաբաղի ինքնորոշումից»:

«ԵԱՀԿ-ի Նախարարաց խորհրդի ժամանակ Հայաստանի պատվիրակությունը, ի թիվս 56 այլ երկրների, ընդունեց մի տարբերակ լուծման, որը բացառում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը», - եզրափակեց Հայաստանի նախկին արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG