Մատչելիության հղումներ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փետրվարի 26-ին միաձայն կայացրած որոշմամբ` ապրիլի 1-ից բնակչությունը սպառած գազի 1 խորանարդ մետրի դիմաց կվճարի 132 դրամ` նախկին 96 դրամի փոխարեն: Սպառողները դժգոհում են կապույտ վառելիքի 37.5 տոկոս թանկացումից եւ ցավով նշում, թե սա ոչ միայն լուրջ ճեղքվածք կառաջացնի ընտանեկան բյուջեում, այլեւ կնպաստի մյուս ապրանքների կտրուկ թանկացմանը:

«Որ զգալի է աճը ազդելու՝ դա միանշանակ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց մի տղամարդ։

«Շատ սխալ բան է», - ասաց մեկ ուրիշը. - «Ով ինչ բազարներ է անում, ինչ առ ու ծախս են անում՝ մեջտեղը ժողովուրդն է տուժում»։

Կառավարությունը մարտի 25-ի նիստին ընդունեց սոցիալական խնդիրների եւ գնաճային ռիսկերի մեղմացմանն առնչվող որոշումներ: Գազի թանկացումը մեղմելու համար կառավարությունը որոշեց 3 հազար 500 դրամով բարձրացրել հանրապետությունում առկա շուրջ 110 հազար նպաստառուների սոցիալական նպաստը եւ միջինը 2 հազար 600 դրամով ավելացնել շուրջ 530 հազար թոշակառուների կենսաթոշակը: Պետբյուջեից այս ծրագրերի իրականացման համար կտրամադրվի լրացուցիչ 6-6.5 միլիարդ դրամ:

Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյան
«Դա է մեր հնարավորությունների սահմանը»,- չորեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը։ - «2,5 հազար դա անկախ գնահատականով միջին լրացուցիչ ծախս են գազի գնի հետ կապված։ Բարձրացումները նախատեսում են սոցիալական նպաստների մասով 3,5 հազար, այսինքն ավելին, քան գազի գինը։ Այսինքն դա այն ծավալն է, որը մենք նաեւ ենթադրում ենք գնաճային ճնշումների հետ կապված։ Ցանկալի կլիներ ավելին, բայց ցանկությունները սահմանափակվում են նաեւ հնարավորություններով», - նշեց ֆինանսների նախարարը։

Սոցիալական նպաստները բարձրացվելու են մայիսի 1-ից, քանի որ ապրիլի 1-ից բարձրացված սակագնով գազի սպառման առաջին վճարումները կատարվելու մայիսին: Կենսաթոշակները, սակայն, բարձրացվելու են նոյեմբերի 1-ից։ Տիգրան Դավթյանը դա բացատրեց հետեւյալ կերպ. - «Գազի սպառման ծավալի մեծացումը սովորաբար նոյեմբեր ամսից է իրականացվում, եւ նաեւ ռեսուրսների հնարավորության խնդիր է, որովհետեւ մենք լրացուցիչ ռեսուրսներ ենք նախատեսում»։

Կենսաթոշակները` 11 տոկոսով, իսկ սոցիալական նպաստները` 15 տոկոսով բարձրացնելը, կառավարության հաշվարկներով, «ադեկվատ փոխհատուցում է առավել խոցելի սոցիալական զանգվածի համար», մինչդեռ այդ սոցիալական խմբերի ներկայացուցիչները, համամիտ չեն ֆինանսների նախարարի հետ եւ կառավարության մեղմացման այս քաղաքականությունը որակում են՝ «ամոթալի, վիրավորական եւ ծիծաղելի»:
XS
SM
MD
LG