Մատչելիության հղումներ

Ռուսաստանի դեսպանը կոչ է անում չհավատալ կովկասցիներին Ռուսաստանից վտարելու մասին լուրերին


Ռուսաստան -- Մոսկվացիները ծաղիկներ եւ մոմեր են դնում Մոսկվայի մետրոպոլիտենի «Պարկ կուլտուրի» կայարանում՝ ի հիշատակ ահաբեկչության զոհերի, 30-ը մարտի, 2010թ.

Ռուսաստան -- Մոսկվացիները ծաղիկներ եւ մոմեր են դնում Մոսկվայի մետրոպոլիտենի «Պարկ կուլտուրի» կայարանում՝ ի հիշատակ ահաբեկչության զոհերի, 30-ը մարտի, 2010թ.

Ռուսաստանի դեսպանը կոչ է անում չհավատալ Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո կովկասցիներին Ռուսաստանից վտարելու մասին մամուլում տարածված լուրերին։

Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ կովկասցիներին Ռուսաստանից վտարելու կոչեր են հնչում։ Չորեքշաբթի օրը Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն Գյումրիում լրագրողների հետ հանդիպմանը արձագանքեց այս մասին լուրերին։

«Մի հավատացեք մամուլին։ Այն հրեշները, այն ահաբեկիչները, որոնք մետրոյում իրականացրեցին այդ ահաբեկչությունը, եւ այն մարդիկ, որոնք կովկասցի են՝ հյուսիսային եւ հարավային, ոչ մի կապ չունեն այս ահաբեկիչների հետ։ Ամեն մի ընտանիք ունի իր այլանդակը, որոնք երկրի վրա տեղ չպետք է ունենան։ Դրանք մարդ չեն», - նշեց Ռուսաստանի դեսպանը։

«Իսկ այն, որ մոտ 1 միլիոն հայ կամ վրացի են ապրում Ռուսաստանում։ Աստված տա՝ թող նրանք ապրեն, աշխատեն եւ բարգավաճեն։ Սա անխախտելի այն կապն է, որը միշտ եղել է ռուս եւ կովկասցի ժողովուրդների մեջ, եւ ոչ մի հրեշի ու ահաբեկչի չի հաջողվի կտրել այդ կապը», - հավելեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն։

Երկուշաբթի առավոտյան Մոսկվայի մետրոպոլիտենի «Լուբյանկա» եւ «Պարկ կուլտուրի» կայարաններում իրականացված ահաբեկչական երկու պայթյունները 39-ը մարդու կյանք խլեցին։
XS
SM
MD
LG