Մատչելիության հղումներ

logo-print

«Ժառանգություն» կուսակցությունը քաղաքական ուժերի երկխոսության կոչ է անում


«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցություն

«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցություն

«Ժառանգություն» կուսակցությունը հայաստանյան ընդդիմադիր եւ իշխանական 5 քաղաքական ուժերի երկխոսության կոչ է անում՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանը ներկայումս կանգնած է 93 թվականից ի վեր ամենավտանգավոր մարտահրավերի առջեւ։

«Ժառանգությունը» ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսին, Հայ հեղափոխական դաշնակցությանը եւ իշխանական Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցություններին առաջարկում է ստեղծել քաղաքական ոչ ֆորմալ կենտրոն` կլոր սեղանի ձեւաչափով, ընդդիմության ու իշխանության հավասար ներկայությամբ, եւ համատեղ քննարկել այս ուժերին հուզող բոլոր հիմնական խնդիրները ու գալ ընդհանուր հայտարարի:

«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյան
«Մենք ընդամենը ունենք մենախոսություններ Հայաստանում եւ չունենք երկխոսություն», - չորեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը։

«Ժառանգություն» կուսակցությունը կարծում է, որ իրենց առաջարկած երկխոսությունը կարող է անհրաժեշտ նախադրյալներ ստեղծել պատերազմի վերսկսման դեպքում հակառակորդին համախմբված ուժերով դիմակայելու համար։

Ստեփան Սաֆարյանը պատերազմի վերսկսման մասին հայտարարությունները լոկ հայտարարություններ չի համարում. - «Դրանց կողքին մենք ունենք սպառազինությունների շարունակվող մրցավազք, հրադադարի ռեժիմի շատ ավելի մեծաքանակ խախտումներ, Ադրբեջանի ռազմական եւ պատերազմական հռետորաբանության ինտենսիվացում եւ դրա կողքին՝ ունենք նաեւ Ադրբեջանի կողմից ուժի կիրառման բացառելու ցանկության իսպառ բացակայություն։ Այս ամբողջը շատ լուրջ ռիսկեր են պատերազմի վերսկսման համար»։

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանով
Արձագանքելով «Ժառանգության» կոչին՝ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, մասնավորապես, ասաց. – «Չեմ կարծում, որ Ադրբեջանը կհամարաձակվի պատերազմական գործողություններ սկսել, որովհետեւ ես համոզված եմ, որ եթե Ադրբեջանը պատերազմական գործողություններ սկսի, ինքը ոչ թե [իր տարածքի] 20 տոկոս, այլ 30 կամ 40 տոկոսը ստիպված կլինի լքել։ Ավելին, միջազգային հանրությունը շատ հստակ պատասխան կտա»։

«Ժառանգության» կողմից առաջարկվող քննարկումներին Հանրապետականը մտադիր չէ միանալ։ Շարմազանովը նշեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ քննարկումների պրակտիկա արդեն գոյություն ունի, եւ, եթե անհրաժեշտություն լինի, Սերժ Սարգսյանն ինքը քաղաքական ուժերին կհրավիրի խորհրդակցության։

Կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ «Ժառանգության» առաջարկները կքննարկեն միայն Գագիկ Ծառուկյանին հասցեագրված պաշտոնական դիմում ստանալուց հետո։ Սաֆարյանը նաեւ նշեց, որ համաձայն է Էդուարդ Շարմազանովի հայտարարությունների հետ։

«Հանրապետության նախագահը պետք է կանգնի այս գործընթացի գլխին եւ փորձի իր շուրջը համախմբել Հայաստանի քաղաքական ուժերին», - պարզաբանեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարը։ Ինչ վերաբերում է «Ժառանգություն» կուսակցության առաջարին, ըստ նրա, անհրաժեշտ է կոալիցիայի համատեղ որոշում, որից հետո կոալիցիան կարող է արտահայտել համատեղ որոշում։

Դաշնակցությունն առայժմ չի արձագանքել «Ժառանգության» կոչին։

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ իրենք ծանոթ չեն «Ժառանգության» առաջարկին։ Այդուհանդերձ, ՀԱԿ-ին մաս Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը չորեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ նախ ուզում է հասկանալ, թե ինչպես է ծնվել «Ժառանգության» առաջարկը, ինչ նպատակ է հետապնդում եւ ինչ կարող է տալ: Իսկ Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, ուշադրություն հրավիրելով գործող խորհրդարանի ցածր արդյունավետության մասին «Ժառանգություն» կուսակցության պնդումներին, հայտարարել է. - «Եթե չի գործում պառլամենտը, ապա ոչ թե պետք է փորձել պառլամենտից դուրս ինչ-որ ֆորմատներ ձեւավորել, այլ միանալ ՀԱԿ-ին, պահանջել անհապաղ հրաժարական եւ բոլոր մակարդակների ընտրությունների անցկացում, ինչը հնարավորություն կտա ձեւավորել այն Ազգային ժողովը, որը արտահայտում է քաղաքական հարաբերակցությունը»։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG