Մատչելիության հղումներ

Ռուսաստանում նոր պայթյունների հետեւանքով 11 մարդ է զոհվել


Պայթեցումից հետո այրվող ավտոմեքենան, Կիզլյար, 31-ը մարտի, 2010թ.

Պայթեցումից հետո այրվող ավտոմեքենան, Կիզլյար, 31-ը մարտի, 2010թ.

Մոսկովյան մետրոպոլիտենում տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց` չորեքշաբթի առավոտյան երկրում նոր պայթյուններ են որոտացել, այս անգամ` Դաղստանի Կիզլյար քաղաքում: Ճշտված տվյալներով, որոնք հրապարակել է Ռուսաստանի ազգային հակաահաբեկչական կենտրոնի դաշնային օպերատիվ շտաբը, զոհվել է 11 մարդ, 28 մարդ մարմնական վնասվածքներ է ստացել:

Զոհվածներից 9-ի իրավապահ մարմինների աշխատակիցներ են:

Ծանր վնասվածքներ է ստացել 10 մարդ, այդ թվում` 6 ոստիկան:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, վաղ առավոտյան Կիզլյարում պայթեցվել է պայթուցիկով բեռնված ավտոմեքենա` այն պահին, երբ դրա մոտով անցնում էր ճանապարհա-պարեկային ծառայության կարգախումբը: Մոտ 20 րոպե անց, երբ դեպքի վայր են ժամանել քննիչներ եւ ուժային ծառայությունների ներկայացուցիչներ, հավաքվածների մեջ է ներխուժել ոստիկանական համազգեստով մի անձ եւ պայթեցրել ինքն իրեն:

Առաջին պայթյունի հետեւանքով զոհվել է 2, երկրորդի` 7 իրավապահ, այդ թվում` Կիզլյարի ոստիկանության պետը եւ Ռուսաստանի դատախազությանն առընթեր քննչական կոմիտեի Դաղստանի հանրապետական վարչության ղեկավարը:

Ավելի վաղ պաշտոնական աղբյուրները հաղորդել էին 12 զոհվածների մասին:

Տեղի ունեցածի կապակցությամբ գործ է հարուցվել Ռուսաստանի քրեական օրենսգրքի հինգ հոդվածներով` «Մահափորձ իրավապահ մարմինների աշխատակցի նկատմամբ», «Մահափորձ», «Երկու եւ ավելի անձանց սպանություն հանրության համար վտանգ ներկայացնող եղանակով», «Զենքի, զինամթերքի եւ պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառություն», «Զենքի եւ պայթուցիկ սարքերի ապօրինի պատրաստում»:

Երկուշաբթի օրը մոսկովյան մետրոպոլիտենում տեղի ունեցած պայթյունների փաստով քրեական գործը հարուցվել է ահաբեկչության հատկանիշներով:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ ահաբեկչությունները Մոսկվայի մետրոպոլիտենում եւ Կիզլյարում «նույն շղթայի օղակներն են»: Նա ասել է նաեւ, որ թույլ չեն տա ահաբեկիչներին վախ եւ խուճապ սերմանել երկրում:

«Ահաբեկիչների նպատակը երկրում իրավիճակը ապակայունացնելն է, բնակչության մեջ վախ եւ խուճապ սերմանելը: Մենք դա թույլ չենք տա», - վստահեցրել է Ռուսաստանի նախագահը:

Վարչապետ Վլադիմիր Պուտինը, իր հերթին, հնարավոր է համարել, որ երկու ահաբեկչությունների ետեւում միեւնույն խմբավորումն է կանգնած:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG