Մատչելիության հղումներ

Մոսկովյան պայթյունները` Կովկասում սխալների հետեւա՞նք


Մոսկվա, մետրոյի «Լուբյանկա» կայարան, 29-ը մարտի, 2010թ.

Մոսկվա, մետրոյի «Լուբյանկա» կայարան, 29-ը մարտի, 2010թ.

Արեւմտյան մի շարք վերլուծաբանների կարծիքով` մոսկովյան մետրոյում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունները ցավոտ հարված են Դմիտրի Մեդվեդեւ - Վլադիմիր Պուտին տանդեմին. չէ որ նախագահն ու վարչապետը միասին են ընդունել Չեչնիայում հակաահաբեկչական գործողության ռեժիմը անցյալ տարվա ապրիլին չեղյալ հայտարարելու որոշումը։

Մեծ Բրիտանիայում լույս տեսնող Times-ը գրում է, թե մարտի 29-ի ահաբեկչությունը վկայում է, որ Ռուսաստանի ղեկավարությունը սխալ մարտավարություն է ընտրել Հյուսիսային Կովկասի գրոհայինների դեմ պայքարում։

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի անվերապահ աջակցությամբ իրականացվող մարտավարությունը սկզբնական փուլում որոշակի հաջողություն է ապահովել, սակայն, ի վերջո, գրոհայինները սողոսկել են հարեւան Դաղստան եւ Ինգուշեթիա ու շարունակել են ակտիվ գործողությունները։

Արդյունքում, Ռուսաստանի իշխանությունները ստիպված են եղել այդ հանրապետություններում հայտարարել հակաահաբեկչական գործողության ռեժիմ։

Ահաբեկիչները նահանջելու մտադրություն չունեն։ Նրանց առաջնորդներից Դոկու Ումարովը վերջերս սպառնացել է ահաբեկչական պատերազմ սկսել ամբողջ Ռուսաստանի տարածքում։

Արեւմտյան վերլուծաբանների կարծիքով` այս ահաբեկչական գործողությունների հետեւանքով նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտնվել է ծանր ընտրության առջեւ։ Նա համոզված է, որ ահաբեկչությունն արմատախիլ անելու համար հարկ է պայքարել դրա համար պարարտ հող հանդիսացող աղքատության եւ կոռուպցիայի դեմ։

Իսկ վերջին պայթյուններից հետո շատերը կսկսեն հավանություն տալ վարչապետ Վլադիմիր Պուտինի մարտավարությանը։ Պուտինն էլ գիտակցում է, որ միայն պատժիչ մեթոդներով ահաբեկչության դեմ պատերազմում չես հաղթի, բայց գերադասում է պարզ ճանապարհը, որը ենթադրում է աջակցություն Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի նման տեղացի առաջնորդներին։

Ռուսաստանի ընդդիմությունն էլ նշում է, որ Դաշնության իրավապահները ձախողվել են այս պայքարում։

Բորիս Նեմցովի կարծիքով, մասնավորապես, «ծառայությունները, որոնց քթի տակ պայթյուններ եղան, միանգամայն ուրիշ հարցեր են լուծում, դրանք պաշտպանում են գողերի իշխանությունը, պայքարում են ոչ թե ահաբեկիչների, այլ ընդդիմության եւ ժողովրդական ընդվզումների դեմ»։

«Դժբախտաբար, ոչ ոք չի պատժվի, ինչպես միշտ` կպատժեն որեւէ սլաքավարի, ոչ ոք չի պատասխանի այն հարցին, թե ինչպես են շահիդ կանայք հայտնվել Մոսկվայի կենտրոնում, որտեղի՞ց էր հեքսոգենը, որտե՞ղ էր «փառապանծ» միլիցիան։ Քանի դեռ սխալներ գործած մարդիկ, այդ թվում` ղեկավարները, անպատիժ են մնում, ահաբեկչությանը հաղթելը անհնար է», - ասել է Նեմցովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG