Մատչելիության հղումներ

Թուրքիայի դեսպանը վերադարձել է Ստոկհոլմ


Շվեդիայում Թուրքիայի դեսպան Զերգյուն Քորոթուրք

Շվեդիայում Թուրքիայի դեսպան Զերգյուն Քորոթուրք


Թուրքիան վերստին Ստոկհոլմ է ուղարկել իր դեսպանին, ով երկու շաբաթ առաջ՝ Շվեդիայի խորհրդարանում հայոց ցեղասպանության շուրջ ընդունված բանաձեւից հետո, ի նշան բողոքի վերադարձել էր Անկարա։

«Իմ վերադարձը հնարավոր եղավ այն բանից հետո, երբ Շվեդիայի կառավարությունը հավաստիացրեց Անկարային, որ չի կիրառելու խորհրդարանում ընդունված այդ որոշումը»,–Ֆրանսպրեսի հաղորդմամբ, Ստոկհոլմ մեկնելուց առաջ օդանավակայանում հայտարարել է դեսպան Զերգյուն Քորոթուրքը եւ մանրամասնել,–«Շվեդիայի եւ Թուրքիայի արտգործնախարարները հանդիպում են ունեցել Ֆինլանդիայում, որի ընթացքում Կարլ Բիլդտը զանգահարել է վարչապետ Էրդողանին եւ ներողություն հայցել տեղի ունեցած զարգացումների համար»։

Ընդգծելով, որ որեւէ երկրից սեփական դեսպանին ետ կանչելը դիվանագիտության մեջ ընդունված լուրջ արձագանք է, անգամ՝ բողոքի արտահայտման նշան, Քորոթուրքը ասել է. «Անկարան շարունակում է քայլեր ակնկալել Ստոկհոլմից, որոնք կփոխհատուցեն տեղի ունեցած սխալը»։

Արեւմտյան լրատվամիջոցները նշում են, որ դեռեւս առկախ է մնում Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանին ետ ուղարկելու հարցը։ Անցած շաբաթ, անդրադառնալով այդ խնդրին, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, թե Անկարան դեռեւս պատրաստ չէ Վաշինգտոն գործուղել իր դեսպանին եւ ընդգծել էր, որ ի տարբերություն Միացյալ Նահանգների, Շվեդիայի կառավարությունը հրապարակավ ներողություն է խնդրել տեղի ունեցածի համար։









Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG