Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի պետդեպարտամենտ. «Մենք հասկանում ենք դեսպանին հետ կանչելու Թուրքիայի որոշման պատճառները»


ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպումը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ Նյու-Յորքում, արխիվ, 28-ը սեպտեմբերի, 2009թ.

ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպումը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ Նյու-Յորքում, արխիվ, 28-ը սեպտեմբերի, 2009թ.

«Մենք հասկանում ենք դեսպանին հետ կանչելու Թուրքիայի որոշման պատճառները», - երկուշաբթի օրը լրագրողներին ասել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խոսնակ Ֆիլիպ Քրոուլին՝ հավելելով. - «Մենք հույս ունենք, որ դեսպանը շուտով կվերադառնա»:

Անկարան իր դեսպանին «խորհրդատվությունների համար» հետ կանչեց Միացյալ Նահանգներից այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ:

Կիրակի օրը հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի միջեւ: Պետդեպարտամենտի խոսնակի փոխանցմամբ, Քլինթոնը Դավութօղլուին տեղյակ է պահել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ԱՄՆ-ի ջանքերի մասին, քննարկվել է Մինսկի խմբի գործունեությունը, կողմերը խոսել են հայ-թուրքական հարաբերությունների, Մերձավոր Արեւելքի զարգացումների մասին։

«Դա ջերմ եւ կառուցողական քննարկում էր: Երկուսն էլ՝ նախարարը ու պետքարտուղարը, ընդգծել են, որ Թուրքիայի ու Միացյալ Նահանգների միջեւ ռազմավարական գործընկերությունը կարեւոր է», - երկուշաբթի օրը Վաշինգտոնում տեղի ունեցած բրիֆինգում ասել է Քրոուլին։

Պետդեպարտամենտի խոսնակին ուղղված հարցերից մեկը վերաբերել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի մասին։ Հարցին, թե հնարավո՞ր է բանաձեւի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն, քանի որ Թուրքիան հրաժարվում է դեսպանին հետ ուղարկել Վաշինգտոն մինչեւ համոզված չլինի, որ բանաձեւը Կոնգրեսի լիագումար նիստին քվեարկության չի դրվի, պետդեպարտամենտի խոսնակն արձագանքել է. - «Մենք շարունակում ենք ճնշում գործադրել Հայաստանի ու Թուրքիայի վրա՝ առաջ շարժվելու եւ արձանագրությունները վավերացնելու համար»:

Թուրքիայի արտգործնախարարությունը կիրակի օրը կայացած հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն է տարածել, որի համաձայն, Ահմեդ Դավութօղլուն Հիլարի Քլինթոնին հորդորել է արգելափակել բանաձեւի քվեարկությունը ներկայացուցիչների տան լիագումար նիստում: Ըստ Թուրքիայի արտգործնախարարության հաղորդագրության, պետքարտուղար Քլինթոնը հավաստիացրել է, որ Սպիտակ տունը դեմ է բանաձեւի ընդունմանը Կոնգրեսում:

Դավութօղլուն Քլինթոնին ասել է, թե արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշումը վնաս է հասցրել Հարավային Կովկասում կայունություն հաստատելու ջանքերին:

Հայ թուրքական հարաբերությունների, արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունված բանաձեւի մասին խոսել է նաեւ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթայնբերգը։ Նա ասել է, թե՝ «թուրքական կողմը իր մտահոգությունն էր հայտնել հանձնաժողովի քվեարկության կապակցությամբ: Մենք նույնպես հստակ ներկայացրել ենք մեր դիրքորոշումը այդ բանաձեւի հանդեպ»:

«Այսպիսով, մենք հույս ունենք, որ սա հիմք է առաջ շարժվելու համար, որովհետեւ մենք բազմաթիվ գործեր ունենք միասին անելու», - ասել է Սթայնբերգը՝ նշելով համագործակցությունը Բալկաններում եւ այլ վայրերում:

Թուրքիան ՆԱՏՕ-ին անդամակցող միակ մահմեդական երկիրն է, եւ ԱՄՆ-ը բազմիցս ընդգծել է Թուրքիայի կարեւորությունը Աֆղանստանում, Մերձավոր Արեւելքում, Իրաքում իրականացվող խաղաղապահ առաքելություններում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG