Մատչելիության հղումներ

Հայաստանը, ըստ ԿԲ-ի նախկին նախագահի, դուրս չի եկել ճգնաժամից


Հայաստանի կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

Հայաստանի կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

Հայաստանի կենտրոնական բանկի (ԿԲ) նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի կարծիքով, Հայաստանը դեռեւս դուրս չի եկել ճգնաժամից, եւ այս տարի տնտեսությունը կունենա 1-2 տոկոսի անկում: Այլ է իշխող կուսակցության ներկայացուցիչ, պատգամավոր Գագիկ Մինասյանի կարծիքը:

«Ճգնաժամը Հայաստանից դուրս չի եկել», - երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նա՝ շարունակելով. - «Այս տարի, իմ կարծիքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ավելի քիչ երջանիկ են լինելու, քան անցած տարի, այս տարի ավելանալու է այն մարդկանց թիվը, ովքեր ձգտելու են իրենց ապագան տեսնել մեր երկրից, իրենց հայրենիքից դուրս եւ այլն, եւ այլն: Ցավոք»:

Հայաստանի տնտեսական ներկա վիճակի վերաբերյալ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի (ՀՀԿ) գնահատականը, մինչդեռ, այլ է:

Ազգային ժողովի պատգամավոր (ՀՀԿ) Գագիկ Մինասյանը:
«Հստակ կարելի է արձանագրել, որ մենք դուրս ենք եկել ճգնաժամից եւ մեր տնտեսությունը ապրում է տնտեսական զարգացում», - երեքշաբթի օրը հայտարարեց նա՝ շարունակելով. - «Մենք հատուկ ծրագրերի միջոցով իրականացրեցինք գործընթացներ՝ զարգացնելու կամ խրախուսելու տնտեսությունը, եւ այդ տնտեսության զարգացման ու խրախուսման արդյունքն է այն 3,1 տոկոսի տնտեսական աճը, որը մենք այսօր արձանագրում ենք»:

Մինասյանի խոսքով, եթե հաջողվի 2010 թվականի առաջին եռամսյակը փակել ներկայումս արձանագրված 3 տոկոս տնտեսական աճով, հեռանկարներն ավելի հուսադրող կլինեն։

Կենտրոնական բանկի նախկին նախագահը չի կարծում, որ երկրում իրականացվող տնտեսական քաղաքականությունը կարող է հանգեցնել տնտեսական աճի. - «Ես մնում եմ անցած տարի հայտարարած իմ կարծիքին, որ այս տարի եւս մենք գործ ենք ունենալու տնտեսական անկման հետ՝ 1-2 տոկոս: Եթե չլինի աճպարարությունը, չլինի նկարչությունը, որը մեր երկրում շատ է կիրառվում, մենք իրականում անկում ենք ունենալու այս տարի»:

Բագրատ Ասատրյանը չի ժխտում, որ տարվա առաջին երկու ամիսների արդյունքներով տնտեսական աճ է արձանագրվել, սակայն, նրա խոսքով, հունվար, փետրվար ամիսները տնտեսության համար «քնած ամիսներ են»:

«Հունվար-փետրվարի ընթացքում հանրագումարով ստեղծվում է մեր ՀՆԱ-ի 10 տոկոսից ավելի ցածր մասը՝ 8-9 տոկոսն է ընդամենը ստեղծվում», - հավելեց նա:

Նրա խոսքով, ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի դրսից միջոցներ չեն ներգրավվի. - «Անցած տարվա ոգեւորությունը իշխանությունների... իրենք էլ, կարծես, սառեցին, հասկացան, որ ճիշտ եղանակ չէ, կամ ճիշտ ճանապարհը չէր: Նաեւ կա հնարավորությունների խնդիր՝ մեկ անգամ տվողը երկրորդ անգամ այսպիսի տնտեսությանը, այսպիսի երկրին փող չի տա: Խոսքը հավասարապես վերաբերում է թե' միջազգային ֆինանսական կազմակերպություններին եւ թե' դոնոր երկրներին»:

Անդրադառնալով Կառավարության տնտեսական քաղաքականության՝ երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քննադատությանը, Բագրատ Ասատրյանը ասաց, որ Հայաստանի տնտեսության պրոբլեմների 90 տոկոսը կուտակվել է վերջին տասնամյակների ընթացքում, եւ դրանց դրսեւորման առիթ է հանդիսացել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը:

«Ես կարծում եմ, որ այս հայտարարությունների հիմքում դրված է միանգամայն ուրիշ երեւույթ: Ես կարծում եմ՝ Քոչարյանը փորձում է քաղաքական ռեաբիլիտացիա անցնել», - հավելեց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG