Մատչելիության հղումներ

Սամվել Բաբայանը «վտանգավոր» է գնահատում իրավիճակը


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կարծիքով, հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը «վտանգավոր» է, եւ «ցանկացած րոպե կարող է վերսկսվել պատերազմը»:

«Այո, ամեն ինչ գնում է դեպի պատերազմի ճանապարհը, որովհետեւ Ադրբեջանը այն լկտիությունը, որը ունի՝ որ որեւէ բան չտալ. ամեն ինչ ստանալ, դա խոսում է այն մասին, որ նա տանում է դեպի պատերազմ: Այո, վտանգավոր է իրավիճակը, այո, ցանկացած րոպե կարող է վերսկսվել պատերազմը», - երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Բաբայանը՝ այդուհանդերձ, ավելացնելով, թե չի ասում, որ ռազմական գործողությունները հենց վաղն էլ սկսվելու են:

Ըստ Բաբայանի, այսօր պատերազմը վերկսկսման խոչընդոտներից մեկն էլ այն է, որ ներկայում Ադրբեջանը վստահ չէ, թե կարող է հաղթանակ տանել։

«Ադրբեջանը գիտակցում է, որ եթե վերսկսեց պատերազմը ու անհաջողություն ունեցավ ռազմի դաշտում, նա կորցնելու է արդեն ոչ թե պետության 15-20 տոկոսը, այլ կարող է 50 տոկոսը կորցնել: Եվ որեւիցե միջնորդ չի կարողանալու կանգնեցնել դա: Սա գիտակցում է [Ադրբեջանը] եւ հասկանում է, որ պետք է շատ լավ պատրաստվել այդ մարտին, որովհետեւ դա մի անգամ է լինելու ու վերջ: Դրանից հետո արդեն կողմերը՝ կրող, կրվող, ընթացքում ստորագրելու են բոլոր այն փաստաթղթերը, որ այս 16 տարին չեն ստորագրում», - ասաց նա:

«Քաղաքական որոշում ղարաբաղյան հարցին մոտակա ժամանակներս չեմ տեսնում»,- շարունակեց Բաբայանը` ավելացնելով, թե այն, ինչ ներկայում միջնորդներն առաջարկում են հայկական ու ադրբեջնական կողմերին եւ որը ընդունել է Ադրբեջանը ու անըդունելի է Հայաստանի համար, իրականում, 1997թվականի փուլային տարբերակն է։

Հարց հնչեց, որ եթե սեղանին փուլային տարբերակն է, ու այդ պարագայում էլ պաշտոնական Երեւանը գնա փոխզիջումների, կարո՞ղ է այն հանգեցնել իշխանափոխության։ Բաբայանը արձագանքեց. - «Ընդհանրապես Սերժ Սարգսյանի չի գնալու նման փոխզիջումների՝ ինչքանով տեղյակ եմ, բայց այն բոլոր հայտարարությունները կամ կարծիքը, որ Սերժ Սարգսյանը արտահայտում է, իմ կարծիքով, դա պետք է նայել միայն ու միայն քաղաքական կոնտեքստում: Իսկ իշխանափոխության առումով, չեմ տեսնում նման սուր իրավիճակ Ղարաբաղի հարցում, որ իշխանափոխության հարց լինի»:

Թե ինչու Հայաստանը կրկին հայտնվեց նման իրավիճակում, ըստ Բաբայանի, պատճառները պետք գտնել երկրի ներսում։

«Քաղաքական դաշտը, իմ կարծիքով, 90 տոկոսով վաղուց պետք է գնային թոշակի, բայց մարդիկ չեն գնում», - ասաց նա՝ առանց մասնավորեցնելու: - «Մի ամբողջ հաղթանակ՝ 16 տարի, մսխեցին՝ իրենց իսկ խելքից… Ե'վ այսօրվա [իշխանությունները], ե'ւ երեկվա, ե'ւ բոլորը», - հայտարարեց Սամվել Բաբայանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG