Մատչելիության հղումներ

logo-print

Մարտի 30-ի մամուլ


«Ժամանակ»-ը գրում է. - «ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների «հայկական այցը» ուշագրավ էր նրանով, որ ամերիկացի համանախագահը Հայաստան էր ժամանել եռյակի այցից մեկ օր առաջ եւ հանդիպել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Այդօրինակ հանդիպումների պարագայում հասարակությանը եւ փորձագիտական հասարակությանը մնում է միայն ենթադրություններ անել, թե պաշտոնական արարողակարգային ձեւակերպումներից բացի, իրականում ինչ են քննարկել հանդիպման մասնակիցները: Բայց մինչ բուն քննարկումը, հարց է առաջանում, թե արդյո՞ք քննարկումը տեղի է ունեցել զուտ ամերիկյան կողմի անունից, թե՞ Ռոբերտ Բրադկեն Սեյրան Օհանյանի հետ զրուցել է ԵԱՀԿ-ի համանախագահ եռյակի անունից: Մյուս կողմից քիչ հավանական է թվում, որ համանախագահները այդօրինակ ակնհայտ առանձին այցերով կարող են ի ցույց դնել միմյանց միջեւ առկա շահերի լուրջ բախումն ու հակասությունները, առավել եւս, որ այդօրինակ առանձին այցերն ու հանդիպումները աննախադեպ չեն որեւէ համանախագահի պարագայում: Բայց նաեւ միամտություն կլինի կարծել, որ համանախագահ եռյակը գործում է բացառապես միասնական եւ ամեն ինչ համաձայնեցված է, եւ անհամաձայն են մնում միայն հակամարտող կողմերը: Խնդիրը պարզապես այն է, թե ում անհամաձայնությունն է տվյալ պարագայում, այսպես ասած, որոշիչը եւ վճռորոշը ընդհանուր համաձայնագրի ստորագրման կապակցությամբ»:

«Ազգ»-ի մեկնաբանը գրում է. - «Տեսեք, թե ի՞նչ արագությամբ են զարգանում ներքաղաքական դեպքերը: Հայ ազգային կոնգրեսը հայտարարում է արտահերթ ընտրությունների մասին` մինչեւ ամառ, պարզ է, որ նկատի ունի հայ-թուրքական եւ Ղարաբաղյան գործընթացներից որեւէ մեկի ձախողման հետեւանքը, երկրի նախագահը տարբեր հարցազրույցներում ու հանդիպումներում ասված տեսակետների ձեւաչափերում կոշտանում-մեղմանում է ղարաբաղյան եւ հայ-թուրքական թեմաներով, անմիջապես գալիս է Ռոբերտ Քոչարյանը` դուք մի տեսեք, տնտեսությունը լավ չենք զարգացնում, մինչ այդ էլ «Բարգավաճ Հայաստան»-ի նախագահի միջոցով էր նույն կարգի մեսիջներ ուղարկվել` ում պետքն է, բայց ատամի տակ ավելի շուտ Ղարաբաղն է, ՀՅԴ-ն միշտ պատրաստ է... Տարբեր ռանգի թերթերն ու կայքերն էլ միայն հնարավոր իշխանափոխությունից եւ հեղաշրջումից են խոսում, նայած ով` պատճառն ըստ այդ «նայածի» է նշվում` ճգնաժամի հետեւանք բեւեռացում, հայ-թուրքական կամ Ղարաբաղի հարց: Ռոբերտ Քոչարյանին, ում վերջին օրերին ՀՀԿ ներկայացուցիչները «տնտեսական մեղադրանքների» մասով էին պատասխանում, դեռ մեղադրանք վերահասցեագրելով, թե Ղարաբաղին բանակցություններից հենց նա է դուրս թողել, Քոչարյանի գրասենյակը երեկ շատ ձեւած-չափված պատասխանեց, թե «ոչ», դա եղել է մինչեւ Քոչարյանի իշխանության գալը: Առաջին նախագահի գրասենյակից էլ` թե «ջղային մեկնաբանություններ» են Քոչարյանինը»:

«Հայոց Աշխարհ»-ը զրուցել է Լեռնային Ղարաբաղի նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ, ով ասում է. - «Ի սկզբանե միջազգային հանրությունն ընդունել է եւ հստակ արձանագրել, որ կա երեք հակամարտող կողմ, այդ կողմերից մեկը Ղարաբաղն է։ Եթե միջնորդները փորձում են դա հերքել կամ հրաժարվում են այդ ձեւաչափից, սա վկայում է, որ դարձյալ փորձ է արվում վերադաձնել գործընթացը նախապատերազմյան ստատուս քվոյին, երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, եւ զուտ քաղաքական որոշում կայացվեց՝ ճանաչել միայն 15 պետությունները, որ այն ժամանակ ունեին միութենական հանրապետության կարգավիճակ։ Այդ սխալն է, որ պետք է ուղղի միջազգային հանրությունը, ի դեմս Մինսկի խմբի համանախագահների, բայց կարծես թե հակառակն է՝ ուղղելու փոխարեն ավելի են խորացնում բանակցություններում ստեղծված փակուղային իրավիճակը՝ փորձելով վերադարձնել այն 1988-91թթ. ստատուս քվոյին»։

«Ժամանակ»-ը զրուցել է ազատամարտիկ Մյասնիկ Մալխասյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Սերժ Սարգսյանի հարցազրույցի Ղարաբաղի պաշտոնական արձագանքը այն էր, թե որեւէ անհանգստանալու բան այդտեղ չկա»: Մալխասյանը արձագանքում է. - «Չեմ կարծում, թե Լեռնային Ղարաբաղի իշխանություններում կգտնվի որեւէ մեկը, որ կարողանա հակառակ տեսակետ ասել: Մենք բազմիցս ականատես ենք եղել, որ նրանք երբեմն-երբեմն որոշ հայտարարություններ են արել, բայց հաջորդ իսկ պահին՝ «մշավելուց» հետո, հրաժարվել են իրենց կարծիքից: Այսօր Ղարաբաղի թե' գեներալիտետի մոտ, թե' քաղաքական ուժերի, թե' մտավորականության շրջանակում չեմ տեսնում մարդկանց, ովքեր կարող են ըմբոստանալ»: Լրագրողի ճշտում է. - «Ուզում եք ասել, որ անգամ երբ Սարգսյանը փաստաթուղթը ստորագրի, Ղարաբաղից ըմբոստություն անիմա՞ստ է սպասել»: Ազատամարտիկը պատասխանում է. - «Գուցե հնարավոր է, որ այդ կրիտիկական պահին ժողովուրդը ըմբոստանա, եւ դրա պարտադրանքի տակ իշխանություններն էլ քայլեր ձեռնարկեն, բայց ես, անկեղծ ասած, դրա հեռանկարներ չեմ տեսնում»: Լրագրող. - «Իսկ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի բարձրագույն սպայակազմի մո՞տ»: Մալխասյան. - «Նրանց դարձրել են շարքային օլիգարխներ, մարդիկ, որոնց վրա կան կոմպրոմատներ: Նրանք առաջին իսկ ըմբոստության պահին կստանան արժանի հակահարված»:

Անդրադառնալով Մոսկվայի մետրոյի պայթյուններին՝ «Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Թվում էր, թե ահաբեկչական ակտերի շղթան ընդհատվել է, եւ այլեւս դրանք չեն կրկնվելու: Սակայն երեկվա պատահարը ցույց տվեց, որ Ռուսաստանը դեռ երկար է մնալու ահաբեկչությունների, խժդժությունների անկայուն երկիր, որտեղ ո'չ տնտեսությունն է զարգանում, ո'չ դեմոկրատիան, ո'չ էլ ընդհանրապես թունելի վերջում լույս է երեւում: Եվ այս խճողված խնդիրների պարագայում նաեւ քաղաքական դաշտում անհասկանալի վիճակ է՝ ի դեմս Պուտին - Մեդվեդեւ հակամարտության: Երեկվա ողբերգական միջադեպերը մի ավելորդ ցնցում էին ռուսական հսկայի համար, որտեղ ոմանք կաշխատեն օգտվել ծանր իրավիճակից, մյուսները կտուժեն»:

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Հայաստանում ընդդիմության բոլոր առաջնորդները՝ Վազգեն Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, երբ քաղաքական պայքարը սրացված փուլ էր մտնում, հստակ զգուշացնում էին՝ կուլակաթափություն չի լինելու, ամեն ինչ արվելու է օրենքի սահմաններում, կտուժի միայն նա, ով հարստացել է անօրինական ճանապարհով: Սակայն հարուստները այդ մեսիջը չեն ընկալում երեք պատճառով. ա/ Հայաստանում ոչ ոք չի հավատում, որ որեւէ բան արվելու է օրենքի սահմաններում, բ/ Հայաստանում հարյուր հազարավոր դոլարների, էլ չեմ ասում՝ միլիոնների ունեցվածք կարելի է դիզել միայն անօրինական ճանապարհով, եւ ամենակարեւորը՝ գ/ չնայած ընդդիմության ղեկավարության մակարդակով հայտարարվում է, որ «էքսպրոպրիացիա» չի լինելու, հանրահավաքների մասնակիցների ճնշող մեծամասնությունը մասնակցում է միջոցառումներին՝ «այդ գռփողներից, թալանչիներից իրենց գողացածը խլենք եւ ժողովրդի մեջ բաժանենք» հայտնի կարգախոսով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG