Մատչելիության հղումներ

Քոչարյանի գրասենյակը պնդում է, թե ԼՂ-ն բանակցություններից դուրս էր մնացել մինչեւ նրա իշխանության գալը


Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը այսօր հակադարձել է մեղադրանքներին, թե Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս է մնացել Ռոբերտ Քոչարյանի պատճառով: ԼՐԱՑՎԱԾ

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը տարածած հայտարարությունում, մասնավորապես, ընդգծում է, թե Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս է մնացել Քոչարյանի նախագահ ընտրվելու դեռ մեկ տարի առաջ՝ 1997 թվականին:

«Նշված ամբողջ ընթացքում միայն մեկ անգամ (1993 թվականին) առանձին բանակցություններ են անցել Լեռնային Ղարաբաղի փաստացի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի եւ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի միջեւ, սակայն այդ հանդիպումը խորհրդապահական բնույթ է կրել: Եվս մեկ հանդիպում Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ կազմակերպվել է Ռուսաստանի արտգործնախարար Ա. Կոզիրեւի միջնորդությամբ Մոսկվայում, եթե չեմ սխալվում` 1995 թվականին։ Սակայն այդ ձեւաչափը եւս շարունակություն չստացավ: Այդպիսով, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցային գործընթացը դադարել է գոյություն ունենալ Ռոբերտ Քոչարյանի նախագահ ընտրվելուց դեռ մեկ տարի առաջ», - ասված է հայտարարությունում:

Սողոմոնյանը այնուհետեւ նշում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումներն ու բանակցությունները պարբերաբար կազմակերպվում էին սկսած 1990 թվականից` Մինսկի գործընթացին զուգահեռ. - «Լեւոն Տեր-Պետրոսյանը բանակցել է ե'ւ Այազ Մութալիբովի, ե'ւ Աբուլֆազ Էլչիբեյի, ե'ւ Հեյդար Ալիեւի հետ»:

«Սրանք հանրահայտ պատմական փաստեր են։ Բանակցային գործընթացի, Քոչարյանի «սխալների» եւ դրանք «հանճարեղ» կերպով ուղղելու մասին զավզակելուց առաջ հարկավոր էր լավագույնս ուսումնասիրել հարցը։ Առաջին հերթին ասածս վերաբերում է կուսակցական գործիչներին», - հայտարարում է Վիկտոր Սողոմոնյանը։

Նա նաեւ նշում է, թե «նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը, ով Լեռնային Ղարաբաղի առաջին նախագահի կարգավիճակ ունի, կտրականապես մերժել է նախագահների հանդիպումների ձեւաչափում Ղարաբաղի իշխանություններին փոխարինելու հնարավորությունը». - «Մշտապես ընդգծվել է, որ ոչինչ չի կարող վերջնականապես համաձայնեցված համարվել, քանի դեռ Ղարաբաղը չի տվել իր համաձայնությունը, իսկ վերջնական փաստաթուղթը պետք է վավերացվի նաեւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչի կողմից»։

Հայաստանի նախկին արտգործնախարար, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը «սուտ» որակեց նախկին նախագահի գրասենյակի ղեկավարի պնդումները:

Արզումանյանը ասաց, որ Մինսկի խմբի՝ լիագումար ֆորմատով բանակցությունները տեղի են ունեցել 1997 թվականի ապրիլին Հելսինկիում, որին երեք կողմերն էլ՝ Ղարաբաղը, Հայաստանը եւ Ադրբեջանը, մասնակցել են: Դրանից հետո համանախագահները երեք կողմերին ներկայացրել են գրավոր առաջարկներ, ինչը տեղի է ունեցել 1997-ի մայիսին:

«Ռոբերտ Քոչարյանը իշխանության գալուն պես անմիջապես Լեռնային Ղարաբաղը դուրս մղեց բանակցությունների գործընթացից: Որ այդ արվել է Քոչարյանի անձնական որոշմամբ եւ խնդրանքով, այդ մասին բազմիցս խոսել է Մեթյու Բրայզան, այդ մասին խոսել է Ֆասիեն, եւ դա արդեն իրողություն է», - հայտարարեց նա::

Քանի որ Ռոբերտ Քոչարյանը պնդում է, որ Ղարաբաղը դուրս է մնացել բանակցային գործընթացից մինչեւ իր նախագահ դառնալը, ասել է թե՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարման տարիներին, ուշագրավ էր վերջինիս արձագանքը:

Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց հետեւյալը. - «Ես կարծում եմ, լուրջ չէ նման ձախողված, շփոթված եւ ջղաձգումների մեջ գտնվող գործչի մեկնաբանություններին անդրադառնալը: Նույնիսկ միջազգային կառույցներն են դա հայտարարում, որ Լեռնային Ղարաբաղը բանակցություններից դուրս է մղվել հենց իր [Ռոբերտ Քոչարյանի] գործունեության ժամանակաշրջանում»:
XS
SM
MD
LG