Մատչելիության հղումներ

Մոսկվայի մետրոյում ահաբեկչության զոհերից մեկը հայ է


Հրշեջները մետրոյի «Լուբյանկա» կայարանի մոտ, 29-ը մարտի, 2010թ.
Հրշեջները մետրոյի «Լուբյանկա» կայարանի մոտ, 29-ը մարտի, 2010թ.

Երեքշաբթի օրը մոսկովյան հիվանդանոցներից մեկում մահացել է հայազգի Վալենտինա Եղիազարյանը, ով վիրավորվել էր մարտի 29-ի առավոտյան Ռուսաստանի մայրաքաղաքի մետրոյի «Լուբյանկա» եւ «Պարկ կուլտուրի» կայարաններում իրականացված պայթյուններից:

«Այս պահի դրությամբ ճշտված տվյալներով, ցավոք սրտի, հայազգի զոհ կա, որը մահացել է այսօր հիվանդանոցում: 17 տարեկան Վալենտինա Եղիազարյանը, - «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը:

Նա նաեւ հավելեց, որ վիրավորված երկու հայերը` Ռուսաստանի երկու հայազգի քաղաքացիներ` 18-ամյա Հասմիկ Մարտիրոսյանը եւ 55-ամյա Աննա Պորկաշյանը, գտնվում են հիվանդանոցում, եւ բժիշկները բավարար են գնահատում նրանց վիճակը:

Վերջին տվյալներով` 39 մարդ զոհվել է, 73 մարդ մարմնական վնասվածքներ է ստացել երկուշաբթի առավոտյան Մոսկվայի մետրոպոլիտենի «Լուբյանկա» եւ «Պարկ կուլտուրի» կայարաններում իրականացված ահաբեկչական երկու պայթյունների հետեւանքով:

Ռուսաստանի առողջապահության եւ սոցիալական զարգացման նախարարության նախնական տվյալներով` տուժածների թվում երեխաներ չկան:

«Լուբյանկա» կայարանում պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 7:56, «Պարկ կուլտուրի» կայարանում` ժամը 8:40:

Տեղի ունեցածի կապակցությամբ գործ է հարուցվել Ռուսաստանի քրեական օրենսգրքի «Ահաբեկչություն» հոդվածի հատկանիշներով:

Ըստ նախնական տվյալների` պայթյունները իրականացրել են երկու կին մահապարտ ահաբեկիչներ, որոնք օգտագործել են մինչեւ 3 կիլոգրամ տրոտիլի հզորության պայթուցիկ սարքեր:

Պայթյուններից հետո Ռուսաստանի մայրաքաղաքում, մասնավորապես` տրանսպորտում, ուժեղացվել են անվտանգության միջոցառումները:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երկուշաբթի օրը հայտարարել է, որ երկրում տեռորի ճնշման եւ ահաբեկչության դեմ պայքարի գիծը պետությունը շարունակելու է «առանց տատանվելու եւ մինչեւ վերջ»:

Վարչապետ Վլադիմիր Պուտինը կարգադրել է ահաբեկչության հետեւանքով զոհվածների ընտանիքներին վճարել 300-հազարական ռուբլի (10 հազար դոլար), ծանր եւ միջին ծանրության վնասվածքներ ստացած անձանց` 100-հազարական ռուբլի, թեթեւ վնասվածքներ ստացած անձանց` 50-հազարական ռուբլի փոխհատուցում: Բացի այդ, ինչպես հայտնել է վարչապետի խոսնակը, երկրի կառավարության կարգադրությամբ միջոցներ են հատկացվելու Մոսկվայի կառավարությանը` զոհվածների եւ տուժածների ընտանիքներին միանվագ դրամական օգնության համար, ինչով զոհվածների ընտանիքներին հատկացվելիք ընդհանուր գումարը կկազմի 1-ական միլիոն, տուժածներին` 200-400-ական հազար դոլար:

Մարտի 30-ը Ռուսաստանի մայրաքաղաքում սգո օր է հայտարարված:

Տեղի ունեցածը դատապարտել են բազմաթիվ պետություններ, Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն, Եվրախորհուրդը: Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման, ցավակցություն հայտնելով Ռուսաստանի ժողովրդին, իր ուղերձում վստահեցրել է, որ «ամերիկացի ժողովուրդը Ռուսաստանի ժողովրդի հետ միասին կանգնած է ընդդեմ ծայրահեղականության եւ արգահատելի ահաբեկչական հարձակումների»:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հղած ցավակցական ուղերձում, որի տեքստը տարածել են Հայաստանի նախագահի մամլո գրասենյակից, մասնավորապես, ասված է. - «Ընդունեք անկեղծ ցավակցությունս` Մոսկվայի մետրոպոլիտենում կատարված ահաբեկչության բազմաթիվ զոհերի կապակցությամբ: Հայաստանը վճռականապես դատապարտում է ահաբեկչութան ցանկացած դրսեւորում: Եկել է ժամանակը` միջազգային հանրության համատեղ եւ անզիջում գործողություններով արմատախիլ անելու արդի ժամանակների այս չարիքը: Վստահ եմ, որ կարվի ամեն հնարավորը` բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու դրա կազմակերպիչներին: Խնդրում եմ կարեկցանքի խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին եւ մտերիմներին: Սգում ենք Ձեր եւ բոլոր ռուսաստանցիների հետ»:

Երեքշաբթի օրը Հայաստանի մայրաքաղաքում շարքային մարդիկ իրենց համերաշխությունն ու աջակցությունն են հայտնել ռուսաստանցիներին։

Երեւանում Ռուսաստանի դեսպանատանը սգո մատյան է բացվել, հարյուրավոր հայաստանցիներ այցելել են դեսպանատուն, ծաղիկներ բերել եւ ցավակցություն հայտնել զոհերի ազգականներին եւ բարեկամներին։

«Միասին» երիտասարդական շարժման 500 մասնակիցներ դեսպանատան մոտ պարզել են «Ոչ ահաբեկչությանը» եւ «Հայաստանը սգում է» կարգախոսներով գրություններ եւ հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող պաստառներ։

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ասել է, թե Դաշնությունը շարունակելու է պայքարն ահաբեկիչների դեմ։

«Այդ մարդիկ, նրանց մարդ էլ չի կարելի անվանել, գազաններ են, ինչ պատճառաբանություն էլ բերեն, այն, ինչ արել են` բոլոր օրենքերով, բարոյականության բոլոր նորմերով հանցագործություն է։ Չեմ կասկածում, որ մենք նրանց կբացահայտենք եւ կոչնչացնենք», - ասել է Ռուսաստանի նախագահը։

Երկրի վարչապետ Վլադիմիր Պուտինն էլ կոշտ հայտարարություն է արել. - «Ահաբեկչական գործողության հեղինակները հիմա թաքնվել են, նրանց պետք է քչփորելով լույս աշխարհ հանել կոյուղու հատակից, դա արդեն իրավապահների պատվի հարցն է, դա անպայման կարվի»։

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Շոյգուն ասել է, որ ահաբեկչության վտանգի աճի հետ մեկտեղ աճում է նաեւ ահաբեկիչների տեխնիկական զինվածությունը, ուստի, իշխանությունները պարտավոր են նաեւ տեխնիկական առումով պատրաստվել։

«Ես համոզված եմ, որ սա մեր կյանքի տխուր, ողբերգական, բայց եւ անբաժան մասն է, մենք պարտավոր ենք սովորել, պատրաստվել, ամբողջ հասարակությունը պետք է դիմագրավի, հավատացեք, նույնիսկ ամենահանճարեղ իշխանությունը միայնակ ի զորու չէ պայքարել նման բաների դեմ», - ասել է Շոյգուն։

Ռուսաստանում բարձրաստիճան պաշտոնյաներն եւ իրավաբաններն արդեն արծարծում են մահապատժի օրենքը լրամշակելու հարցը։

«Դա մեր արձագանքն է երեկվա իրադարձություններին», - ասել է Դաշնային խորհրդի իրավական եւ դատական հարցերով կոմիտեի նախագահ Անատոլի Լիսկովը։

Այսօրվա դրությամբ, Ռուսաստանում կա մահապատիժ, սակայն դատավճիռների ի կատար ածումը սառեցված է։

Հետաքննությունը շարունակվում է, հիմնական վարկածը «հյուսիսկովկասյանն» է։

Վաղը Մոսկվայում արդեն սկսվելու են հուղարկավորությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG