Մատչելիության հղումներ

Գերմանիայի կանցլերը կայցելի Թուրքիա


Ռեջեփ Էրդողան եւ Անգելա Մերկել
Ռեջեփ Էրդողան եւ Անգելա Մերկել

Ակնկալվում է, որ երկուշաբթի օրը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկօրյա այցով կժամանի Թուրքիա. երկիր, որի հետ պաշտոնական Բեռլինը, հատկապես վերջին շրջանում, մի շարք տարաձայնություններ ունի։ Հետեւելով Ֆրանսիայի օրինակին` Գերմանիան նույնպես հստակորեն ընդդիմանում է Թուրքիայի լիիրավ անդամակցությանը եվրոպական ընտանիքին։ Ընդ որում, այցից առաջ կանցլերը ակնարկել է, որ մտադիր չէ փոխել այդ դիրքորոշումը։

«Իմ տեսակետը նույնն է մնացել. Եվրամիությունը պետք է Թուրքիային արտոնյալ գործընկերոջ կարգավիճակ տրամադրի», - գերմանական «Դոյչլանդֆունկ» ռադիոկայանին անցած շաբաթ տված հարցազրույցում հայտարարել է Անգելա Մերկելը։ Վերջինս նաեւ ընդգծել է, որ Թուրքիա - Եվրամիություն բանակցությունները կարող են դեռեւս երկար շարունակվել, եւ որ դրանք ամենեւին չեն երաշխավորում Անկարայի վերջնական անդամակցությունը եվրոպական ընտանիքին։

Պաշտոնական Անկարայի արձանագանքը Մերկելի այս հայտարարություններին չուշացավ. վարչապետ Ռեջեփ Էրդողանը միանգամից մի քանի հոդված հրապարակեց գերմանական օրաթերթերում` պնդելով, թե Անկարան, եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ դառնալուց բացի, այլ առաջարկի չի համաձայնի։ Հատուկ հայտարարությամբ հանդես եկավ նաեւ երկրի արտգործնախարարությունը. «Մեր դիրքորոշումը հստակ է` Թուրքիան այլընտրանք չունի, քան լիարժեք անդամակցությունը», - հայտարարեց արտգործնախարարության խոսնակ Բուրակ Օզյուգերգինը։

Երկկողմ հարաբերություններում առկա հաջորդ կնճռոտ հարցը Գերմանիայում ապրող շուրջ 3.5 միլիոնանոց թուրքական համայնքն է. Դեռ 2008-ին Թուրքիայի վարչապետը կոչ էր արել իր հայրենակիցներին ամեն գնով պահպանել ինքնությունը, չձուլվել գերմանացիներին ու ազդել այդ երկրում ընդունվող որոշումների վրա։ Հայտարարությունը մեծ աղմուկ էր բարձրացրել Բեռլինի քաղաքական շրջանակներում։

Հարցի շուրջ թեժ բանավեճերը վերսկսվեցին անցած շաբաթ, երբ Թուրքիայի վարչապետը կոչ արեց Գերմանիայի իշխանություններին հատուկ դպրոցներ բացել թուրք երեխաների համար։ «Թուրքիայում դպրոցներ կան գերմանացի երեխաների համար, ինչո՞ւ Գերմանիայում էլ նույնը չպետք է լինի` թուրքերի համար», - հայտարարել էր Թուրքիայի վարչապետը։

«Չեմ կարծում, թե դա լավ գաղափար է», - ի պատասխան նշել էր Գերմանիայի կանցլերը եւ ընդգծել, որ Գերմանիայի բոլոր քաղաքացիների նման թուրքերի երեխաներն էլ պետք է գերմանական դպրոցներ գնան։

«Թուրքիայի վարչապետն ուզում է իր ներկայացուցիչներն ունենալ Գերմանիայում , մինչդեռ մեզ անհրաժեշտ են Գերմանիայի քաղաքացիներ», - իրենց հերթին հայտարարել էին քաղաքական ուժերի ներկայացուցիչները։

Ակնկալվում է, որ վիճահարույց այս հարցերից բացի, երկօրյա հանդիպման ընթացքում Գերմանիայի եւ Թուրքիայի ղեկավարները կքննարկեն նաեւ Իրանի միջուկային ծրագիրը, Մերձավոր Արեւելքում խաղաղություն հաստատելու հեռանկարը, ինչպես նաեւ Գերմանիայի եւ Թուրքիայի միջեւ տնտեսական կապերը ամրապնդելու հնարավորությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG