Մատչելիության հղումներ

Յուրի Մերզլյակով. «Հայկական կողմը իր անհամաձայնությունն է հայտնել որոշ կետերի վերաբերյալ»


Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցությունների ընթացքը բավական լուրջ է, ինչն էլ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների` տարածաշրջան ժամանելու անհրաժեշտություն է առաջացրել: Այդ մասին կիրակի օրը Ստեփանակերտում հայտարարեց Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը:

Ղարաբաղի իշխանությունների հետ մոտ մեկեւկես ժամանոց հանդիպումից հետո միջնորդները հայտարարեցին, որ քննարկումը բովանդակալից էր:

Յուրի Մերզլյակովը ասաց, որ ընթացի մեջ է տարվա վերջին համանախագահների կողմից առաջ քաշված առաջարկությունների համաձայնեցման գործընթացը:

Նրա խոսքերով` հայկական կողմը արդեն իր անհամաձայնությունն է հայտնել որոշ կետերի վերաբերյալ: «Բայց մենք չենք բարդացնում իրավիճակը, քանի որ ուղիղ երկու տարի առաջ նույն իրավիճակն էր Մադրիդյան սկզբունքների շուրջ, երբ հայկական կողմը ընդունում էր, բայց, ինչպես հիմա է պարզվում` ոչ ամբողջապես, իսկ ադրբեջանական կողմը չէր ընդունում, եւ մենք երկար աշխատեցինք, որպեսզի գանք ընդհանուր հայտարարի», - հավելեց Մերզլյակովը:

Ռուսաստանցի համանախագահը փոխանցեց նաեւ, որ ընդհանուր առմամբ կողմերը համաձայնության են եկել Մադրիդյան սկզբունքների շուրջ` բացի 4 կետերից:

Համանախագահները երկուշաբթի օրը Երեւանում հանդիպելու են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:


Լուսինե Մուսայելյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG