Մատչելիության հղումներ

Յուրի Մերզլյակով. «Հայկական կողմը իր անհամաձայնությունն է հայտնել որոշ կետերի վերաբերյալ»


Մինսկի խմբի համանախագահները հունվարի 10-ին Երեւան կատարած այցի ժամանակ. ձախից աջ` Ռոբերտ Բրադկե, Բեռնար Ֆասիե եւ Յուրի Մերզլյակով
Մինսկի խմբի համանախագահները հունվարի 10-ին Երեւան կատարած այցի ժամանակ. ձախից աջ` Ռոբերտ Բրադկե, Բեռնար Ֆասիե եւ Յուրի Մերզլյակով

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցությունների ընթացքը բավական լուրջ է, ինչն էլ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների` տարածաշրջան ժամանելու անհրաժեշտություն է առաջացրել: Այդ մասին կիրակի օրը Ստեփանակերտում հայտարարեց Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը:ԼՐԱՑՎԱԾ

Ղարաբաղի իշխանությունների հետ մոտ մեկեւկես ժամանոց հանդիպումից հետո միջնորդները հայտարարեցին, որ քննարկումը բովանդակալից էր:

Յուրի Մերզլյակովը ասաց, որ ընթացքի մեջ է տարվա վերջին համանախագահների կողմից առաջ քաշված առաջարկությունների համաձայնեցման գործընթացը:

Նրա խոսքերով` հայկական կողմը արդեն իր անհամաձայնությունն է հայտնել որոշ կետերի վերաբերյալ: «Բայց մենք չենք բարդացնում իրավիճակը, քանի որ ուղիղ երկու տարի առաջ նույն իրավիճակն էր Մադրիդյան սկզբունքների շուրջ, երբ հայկական կողմը ընդունում էր, բայց, ինչպես հիմա է պարզվում` ոչ ամբողջապես, իսկ ադրբեջանական կողմը չէր ընդունում, եւ մենք երկար աշխատեցինք, որպեսզի գանք ընդհանուր հայտարարի», - հավելեց Մերզլյակովը:

Ռուսաստանցի համանախագահը փոխանցեց նաեւ, որ ընդհանուր առմամբ կողմերը համաձայնության են եկել Մադրիդյան սկզբունքների շուրջ` բացի 4 կետերից:

Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն էլ ընդգծեց, որ Մադրիդյան սկզբունքների շուրջ բանակցությունները դեռեւս շարունակվում են, եւ այն, որ կողմերը ժամանակ առ ժամանակ համաձայնության են գալիս այդ սկզբունքների շուրջ, Ֆասիեի խոսքերով, լուրջ է, եւ ուրեմն, նրա կարծիքով, գոյություն ունեն փոխըմբռնման եզրեր:

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ինչ է արվում խաղաղ կարգավորման կողմնակից ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների կողմից վերջին շրջանում առաջին գծում հաճախակի դարձած կրակոցները դադարեցնելու ուղղությամբ, Բեռնար Ֆասիեն պատասխանեց. - «Պատերազմը տարբերակ լինել չի կարող, եւ մենք հաճախ ամենուր ասում ենք այդ մասին: Մենք շարունակում ենք կարծել, որ այս հարցը հնարավոր չէ լուծել պատերազմի միջոցով: Եթե պատերազմ սկսվի` եւ ի՞նչ. աշխարհագրությունը չի փոխվի, պատմությունը չի փոխվի, եւ խնդիրն ավելի կբարդանա»:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ի՞նչ առաջընթաց կա Աստանայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու` ԵԱՀԿ-ի գործող նախագահի առաջարկի հետ կապված, Յուրի Մերզլյակովը ասաց, որ իրենք տեղյակ էին այդ առաջարկի մասին, բայց դա չի նշանակում, որ դա իրենց առաջարկն է եւ իրենք դրանում մասնակցություն ունեն:

Նա հայտնեց նաեւ, որ սա իր վերջին այցն է տարածաշրջան որպես ռուսաստանցի համանախագահ. - «Ես առաջիկայում նոր նշանակում պետք է ստանամ, իսկ թե ով է լինելու ինձ փոխարինողը` հայտնի կդառնա առաջիկայում»:

Համանախագահների հետ հանդիպման վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է. - «Երկրի ղեկավարը մեկ անգամ եւս ընդգծել է, որ առանց Արցախի Հանրապետության լիիրավ մասնակցության անհնարին է հասնել հակամարտության վերջնական եւ համապարփակ կարգավորման: Նախագահ Սահակյանը նշել է, որ հենց Ադրբեջանի ապակառուցողական ու ռազմատենչ մոտեցումները, ինչպես նաեւ փոխվստահության հաստատմանն ուղղված նախաձեռնությունների շարունակական մերժումը հանդիսանում են հակամարտության կարգավորման ամենամեծ խոչընդոտները: Նախագահը կրկին շեշտել է, որ Արցախի անկախությունը եւ անվտանգությունը սակարկության առարկա չեն, եւ անցյալը վերադարձնելու ցանկացած փորձ հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Անդրադառնալով հայ - թուրքական հարաբերություններին` Նախագահը նշել է, որ այն որեւէ առնչություն չունի ադրբեջանա - ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ, եւ դրանք մեկը մյուսի հետ փոխկապակցելու փորձերը բացասական ազդեցություն են ունենում երկու գործընթացների վրա` մտցնելով փակուղի»:

Մինսկի խմբի համանախագահները երկուշաբթի օրը Երեւանում հանդիպում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG