Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյան. «Ադրբեջանի հայտարարությունները եւ սպառազինության կուտակումները խանգարում են խաղաղ գործընթացին»


Հայաստանի իշխանությունները Ղարաբաղյան հարցի լուծումը տեսնում են միայն խաղաղ բանակցային գործընթացի միջոցով, իսկ Ադրբեջանի կողմից անընդհատ հնչող ռազմատենչ հայտարարությունները եւ սպառազինության կուտակումները խանգարում են գործընթացին` տարածաշրջանում ստեղծելով լարված մթնոլորտ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` այսօր ընդունելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեի գլխավորած պատվիրակությանը:

Պաշտպանության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ` Սեյրան Օհանյանը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում կգտնվի հակամարտության կարգավորման երկուստեք ընդունելի տարբերակ: Կողմերը փաստել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը հայ - թուրքական հարաբերությունների հետ փոխկապակցելն անընդունելի է:

Շփման գծում վստահության ամրապնդման միջոցառումների առնչությամբ Սեյրան Օհանյանը տեղեկացրել է, որ Հայաստանի նախագահի որոշմամբ` մարտի 3-ին տեղի ունեցած դեպքի հետեւանքով հայկական տարածքում գտնվող ադրբեջանցիների երկու դիակները եւ նախկինում Հայաստանի տարածքում ձերբակալված ադրբեջանցի գերին հայկական կողմի մարդասիրական նախաձեռնությամբ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով կփոխանցվեն ադրբեջանական կողմին:

Հանդիպմանը, որին ներկա էր նաեւ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը, քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանը առնչվող այլ հարցեր:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG