Մատչելիության հղումներ

logo-print

Յան Գիլան. «Ասես իմ հոգեւոր տանն եմ գտնվում»


Յան Գիլանը Երեւանում կայացած ասուլիսի ժամանակ, 27-ը մարտի, 2010թ.

Յան Գիլանը Երեւանում կայացած ասուլիսի ժամանակ, 27-ը մարտի, 2010թ.

Ուրբաթ երեկոյան Երեւանի Արամ Խաչատրյան համերգասրահը լեփ-լեցուն էր ռոքի երկրպագուներով, որոնք անհամբեր սպասում էին աշխարհահռչակ ռոք երաժիշտ Յան Գիլանի եւ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ համերգին:

Համերգը ղեկավարում էր չեխ անվանի դիրիժոր Ֆրիդման Ռիլեն, ով Գիլանի եւ աշխարհի տարբեր սիմֆոնիկ նվագախմբերի համատեղ համերգների ղեկավարման նմանօրինակ մեծ փորձ ունի:

Շաբաթ առավոտյան «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում իրավիրված ասուլիսին ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի այն հարցի, թե ինչպե՞ս ծնվեց առհասարակ նման գաղափար` կատարել ռոք երգեր սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ, Յան Գիլանը ասաց, որ այդ ամենի պատճառը տարիներ առաջ հենց չեխ դիրիժորն էր` Ֆրիդման Ռիլեն:

«Այս անհավատալի մարդուն առաջին անգամ Պրահայի հյուրանոցում հանդիպեցի: Արդեն դուրս էի գալիս, երբ եկավ, սենյակիս դուռը ծեծեց եւ ասաց. - «Մի բան ունեմ, անպայման ուզում եմ լսես», - պատմեց Գիլանը: Հենց այդտեղ` հյուրանոցի նախասրահում, նա ականջակալներով լսել է Deep Purple-ի երգերի սիմֆոնիկ սքանչելի գործիքավորումներ եւ ապշել, որ այդպիսի բան հնարավոր է:

«Դա ինձ շատ դուր եկավ, եւ մենք համատեղ աշխատանքի արդյունքում ժամանակ առ ժամանակ այդպիսի առնվազն 10 համերգ ենք ունեցել տարբեր երկրներում», - ասաց աշխարհահռչակ երգիչը:

«Մենք փորձել ենք միաձուլել երաժշտական երկու բոլորովին տարբեր ուղղություններ, բայց իսկական արվեստը, երաժշտությունը շատ գեղեցիկ է նաեւ հենց այդ միաձուլմամբ», - ասաց Յան Գիլանը եւ շեշտեց, որ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը սքանչելի կատարեց իր վրա դրված բարդ աշխատանքը, եւ մեկ անգամ եւս պարզ դարձավ, որ ռոք երաժշտությունը կարելի է սքանչելի կատարել նաեւ սիմֆոնիկ նվագակցությամբ:

Դիրիժոր Ֆրիդման Ռիլեն էլ համոզված է, որ ապագայում, ետ` դեպի անցյալը նայելիս, 20-րդ դարի երաժշտական ամենաազդեցիկ ուղղություններից ռոքը կդիտվի որպես դասական երաժշտություն:

Ֆրիդման Ռիլեն շեշտեց, որ շատ խանդավառված է ուրբաթ օրվա համերգից, իսկ շաբաթ օրվա համերգը ամբողջովին նկարահանվելու է եւ ընդգրկելու է Յան Գիլանի Հայաստան այցելությունների եւ բարեգործական համերգների մասին պատմող վավերագրական ֆիլմում, որը կթողարկվի առաջիկայում:

«Ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվելը, ասես իմ հոգեւոր տանն եմ գտնվում, որտեղ իմ միակ նպաստն իմ երաժշտությունն է», - ասաց Յան Գիլանը:

Երաժշտի նպաստը նաեւ բարեգործական աշխատանքն է աղետի գոտում` դեռ 20 տարի առաջ սկսված, որ փաստորեն վերսկսվեց անցյալ տարվանից` ռոք աստղերին Հայաստան հրավիրելով:

Մայիսին էլ սպասվում են արդեն հենց Deep Purple-ի համերգները Երեւանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG