Մատչելիության հղումներ

logo-print

Մարտի 27-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Անկախ Հայաստանի պատմության ողջ ընթացքում ընդդիմության հիմնական պահանջն է եղել անհապաղ իշխանափոխությունը: Իսկ դրա համար պետք է, արդարացիորեն նշում է եւ շարունակում է նշել ընդդիմությունը, որ այս նախագահը հրաժարական տա, այս խորհրդարանը լուծարվի, որից հետո այդ ինստիտուտները ձեւավորվեն ժողովրդի կամքով: Ո՞ր խելամիտ մարդը կարող է դրա հետ համաձայն չլինել: Ընդդիմությունը իրավացի է (եւ նախկինում էլ էր իրավացի)` ասելով, որ երկիրը ճգնաժամից կարող է դուրս բերել միայն լեգիտիմ իշխանությունը: Պարզապես պետք է հաշվի առնել, որ նման իշխանություն ձեւավորելու մեխանիզմ Հայաստանում գոյություն չունի: Բայց նախագահի հրաժարականը կամ խորհրդարանի լուծարումը հեղափոխական զանգվածների ճնշման տակ ինքնին քիչ հավանական է: Շատ ավելի գործուն մեխանիզմ է դավադրությունը, պալատական հեղաշրջումը, որի հաջողված փորձը մենք արդեն ունենք: Դա իշխանափոխության առավել անցանկալի տեսակն է, որովհետեւ դավադիրների հաջողությունը հիասթափեցնում է հասարակությանը, նպաստում է նիհիլիզմի, ցինիզմի տարածմանը: 98-ի հաջողված հեղաշրջումից հետո մնացած փորձերը, բարեբախտաբար, ձախողվեցին: Այսօր Ռոբերտ Քոչարյանը, կարծես թե, ցանկանում է նոր դավադրություն հասունացնել: Ընդդիմությունը, բնականաբար, պետք է որ դրան դեմ լինի, որովհետեւ դրանից չեն շահի ոչ ինքը, ոչ էլ երկիրը»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին խոսակցությունները, մեղմ ասած, տարակուսանք են առաջացնում: Տպավորությունն այնպիսին է, թե Հայաստանի ճակատագիրը Քոչարյանի կամքից է կախված, կուզի` կվերադառնա, չի ուզի` չի վերադառնա: Ճակատագրի դեմ ի՞նչ կարող ես անել: Իսկ հիշո՞ւմ եք ապարանցու մասին հայտնի անեկդոտը: Ապարանցին առավոտյան տնից դուրս է գալիս, փողոցով քայլում ու նկատում փողոցում ընկած բանանի կեղեւը: «Թո'ւ, էլի պլստալու եմ», - ասում է նա... Քոչարյանը, փաստորեն, այդ բանանի կեղեւի նման բան է. բոլորը հասկանում են, որ «պլստալու են», բայց իրենք իրենց համարում են ճակատագրով դատապարտված»:

«168 ժամ»-ին հարցազրույց է տվել Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Լրագրողը հարցում է. - «Ինչո՞ւ եք անընդհատ կառավարությանը քննադատում: Միգուցե խնդիրն ավելի՞ վերին օղակներում է»: Պատասխան. - «Երբ ասում եմ` կառավարություն, հասկանում եմ ողջ իշխանական բուրգը, որովհետեւ այսօր Հայաստանի Հանրապետությունում միահեծան իշխանություն է: Իշխանությունների տարանջատում չկա: Մենք ասում էինք, թե տնտեսությունն ու քաղաքականությունն են սերտաճել, բայց հիմա ավելի վատ վիճակի մեջ ենք հայտնվել` պետություն-իշխանություն նույնացումից գնում ենք կուսակցության ու պետության նույնացման»: Հարց. - «Խնդիրը մեր երկրում կա արդեն տարիներ շարունակ, ու նաեւ այն ժամանակ, երբ Դաշնակցությունն իշխանության մեջ էր, ու ՀՀ նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր: Ինչո՞ւ այն ժամանակ իշխանություններին այսքան սուր չէիք քննադատում»: Պատասխան. - «Այո, այն ժամանակ էլ այս բոլոր խնդիրները կային, բայց կար նաեւ այդ խնդիրների լուծման որոշակի տենդենց: Բայց էլի դա մեզ չէր բավարարում, լուծման տեմպերը դանդաղ էին: Հիմա հասկանալի չէ, թե այս իշխանությունն ինչ ուղղություն է վերցրել: Արտաքինը մի կողմ դնեմ, սոցիալ-տնտեսական ի՞նչ ուղղություն է վերցրել: Մի բան հռչակվում է, բայց բոլորովին այլ իրականության հետ գործ ունենք: Մենք դժգոհություն ունեցել ենք նույն Ռոբերտ Քոչարյանի ժամանակ էլ, երբ կոալիցիայի մեջ էինք: Ասել ենք, որ մեզ կաշկանդող հիմնական հարցը եղել է արտաքին քաղաքական ուղեգիծը: Դրա համար էլ շատ բաներ մեզ զսպել ենք»: Արմեն Ռուստամյանը նաեւ ասել է. - «Եթե ուզում ենք մարտի 1-2-ի էջը փակել, պետք է կտրուկ քաղաքական միջոցներ անենք: Քանի չենք արել, էջը փակ չէ: Էջը փակ չէ նաեւ այն պատճառով, որ այդ դեպքերի շարժառիթները, հետեւանքներն ամբողջությամբ պարզաբանված չեն, բացահայտված չեն հատկապես 10 զոհերի մահվան հանգամանքները: Սա շատ ծանր բան է, որից պետք է օր առաջ ազատվել»:

«Հայոց Աշխարհ»-ին Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը ասում է. - «Թուրք փորձագետների, հասարակական եւ քաղաքական գործիչների հետ շփումները վկայում են, եւ իրենք, ի դեպ, չեն էլ թաքցնում, որ հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմին հետաքրքրում է կոնկրետ արդյունքը, իսկ Թուրքիային` գործընթացը։ Եթե արձանագրությունների ստորագրումից հետո քննարկվում էր` ով առաջինը կվավերացնի փաստաթղթերը, այսօր ավելի շատ խոսվում է, թե ով առաջինը կդադարեցնի` ստանձնելով գործընթացը տապալելու պատասխանատվությունը։ Սա է ամենամեծ վտանգը, որ տեսնում եմ կարգավորման ներկա փուլում»։

«Ազգ»-ը գրում է. - «Եկեղեցի-հասարակություն այս հակադրությունը մեզ բնավ պետք չէ: Կինոդահլիճ քանդելու-եկեղեցի կառուցելու շուրջը ծխական մակարդակով լուծվելիք վեճը վեր է ածվել ազգային խնդրի, եկեղեցի-հասարակություն հակադրության, դժվարին կացության մատնելով այն իսկական հավատացյալներին, ինչպես նաեւ Հայ եկեղեցու ազգային դերակատարությանը հավատացող մեր ազգայիններին, որոնց թիվը շատ ավելի ստվար է, հավատացեք: Վերջիններից շատերն են զգում քանդել-կառուցելու անհարմարություններն ու անպատեհությունները: Առավել եւս նրանց տխրեցնում է մեր որոշ եկեղեցականների ագրեսիվ դրսեւորումները վերջին բանավեճերի ընթացքում, մանավանդ երբ մի շարք հոգեւոր հայրեր, իբրեւ թե պաշտպանելու համար եկեղեցու շահերը, արտահայտվում են վերջին նորահարուստ տղերքի նման` մեր սեփականությունն է, ինչ կուզենք կանենք: Այնինչ, մեր եկեղեցու ողջ ունեցվածքը նվիրվել է ազգայինների ու ժողովրդի կողմից, հետեւաբար այն պատկանում է ողջ ժողովրդին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG