Մատչելիության հղումներ

Դատարանը բավարարել է Զարուհի Փոստանջյանի բողոքը


Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ուրբաթ օրը բավարարել է Ազգային ժողովում «Ժառանգություն» կուսակցության խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի բողոքը:

Պատգամավորը, հիշեցնենք, բողոքել էր ՀՀ ոստիկանության քննիչի որոշման վերաբերյալ, որով վերջինս կարճել էր «Ազատամտություն» օրաթերթում Զարուհի Փոստանջյանի պատիվն ու արժանապատվությունը վիրավորող հրապարակումների վերաբերյալ հարուցված քրեական գործը։

Դատարանը այսօր վճռել է «վերացնել հարուցված քրեական գործը կարճելու մասին ՀՀ ոստիկանության քննիչի 2009 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը եւ գործը հետ ուղարկել վարույթն իրականացնող մարմնին` լրացուցիչ քննության»։

«Դատարանի որոշումը հավանաբար պայմանավորված էր վտանգավոր նախադեպի կանխումը թույլ չտալու հանգամանքով, քանզի ակնհայտ է, որ Զարուհի Փոստանջյանի բողոքի մերժումը կնշանակեր ցանկացած պաշտոնյայի կամ քաղաքական գործչի հանդեպ նմանատիպ հրապարակումների փաստացի օրինականացում», - տարածած հաղորդագրությունում նշել է Զարուհի Փոստանջյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG