Մատչելիության հղումներ

Թուրքիայի վարչապետը հանդիպում է ունեցել Ստամբուլի հայ համայնքի ղեկավարի հետ


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը եւ երկրի հայ համայնքի ղեկավար Պետրոս Շիրիօղլուն: Անկարա, 26-ը մարտի, 2010թ.
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը եւ երկրի հայ համայնքի ղեկավար Պետրոս Շիրիօղլուն: Անկարա, 26-ը մարտի, 2010թ.

Ուրբաթ օրը Անկարայում կայացավ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի եւ երկրի հայ համայնքի ղեկավար, Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուի հանդիպումը։

Հանդիպումից հետո Շիրինօղլուն պատասխանել է լրագրողների հարցերին։

«Մարմարա» թերթի խմբագիր Ռոբեր Հաթեջյանի փոխանցմամբ, Շիրինօղլուն ասել է, թե եկել է վարչապետին հատուկ շնորհակալություն հայտնելու, քանի որ 8 կալվածքներ վերադարձվել են հայկական համայնքին։

Լրագրողները Էրդողանին հարցեր են տվել 1915 թվականի մասին, Էրդողանի վերջին հայտարարությունների մասին։

Պետրոս Շիրինօղլուն ասել է, թե 1915 թվականին տեղի ունեցածի մասին չէր ցանկանա օգտագործել ցեղասպանություն բառը։ Անշուշտ, գիտե, որ շատ անախորժ դեպքեր են տեղի ունեցել, երկու կողմերն էլ տառապել են, բայց «հին դեպքերը քրքրելը լավ չէ», ու վստահություն է հայտնել, որ վարչապետ Էրդողանին ու Հայաստանի նախագահ Սարգսյանին կհաջողվի ելք գտնել երկու երկրների հարաբերությունները կարգավորելու համար։

Փոխանցելով Պետրոս Շիրինօղլուի խոսքերը՝ Ռոբեր Հաթեջյանն ասաց, որ նա «պետք է խոսեր խոհեմ ու հեռատես կերպով, ինչը եւ արեց»։

Թուրքիայում անօրինական բնակվող հայաստանցիներին վտարելու՝ Էրդողանի հայտարարության մասին Պետրոս Շիրինօղլուն ասել է, թե գիտեին, որ հայաստանցիներին վտարելու մասին Էրդողանը «սրտանց չի խոսել. իր սրտի եկածը այդ չէր»։

«Մինչեւ հիմա որեւէ վարչապետ մեզ հետ, ազգային փոքրամասնությունների հետ այդքան մոտ չէ, որքան Ռեջեփ Էրդողանը», - ասել է Շիրինօղլուն։

Նա անդրադարձել է նաեւ անօրինական բնակվողների երեխաների` օրինական դպրոց հաճախելու հարցին։
Շիրինօղլուն ասել է, որ «եթե հարյուրավոր աշակերտներ լինեն, ապա բավականին դժվարույթյուններ է ստեղծվում երկրի օրենքների դիմաց, բայց եթե խոսքը 8-10 աշակերտի մասին լինի, այդ դեպքում, անշուշտ, կարելի է լուծում գտնել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG