Մատչելիության հղումներ

Hurriyet-ը գրում է Թուրքիայում աշխատող հայաստանցիների մասին


Տեսարան Ստամբուլից
Տեսարան Ստամբուլից
«Ստամբուլի Էմնիյեթ ավտոբուսային կանգառից յուրաքանչյուր չորեքշաբթի 15 ավտոբուս իրար հետեւից գնում են դեպի Հայաստան: Աքսարայ թաղամասի այս կանգառը ճամպրուկային առեւտրի կետ է դարձել Թուրքիայի ու Հայաստանի միջեւ: Այս կետը գտնվում է Lալեյլի առեւտրային թաղամասի հարեւանությամբ: Շատ հայեր իրենց ապրուստը հայթայթում են առեւտրով, բայց նրանք, ովքեր չեն կարող 50-70 դոլար վճարել հետադարձ ճամփորդության համար, սպառում են իրենց վիզայի ժամկետը ու դառնում «անփաստաթուղթ աշխատող», - նկարագրում է Hurriyet-ը Թուրքիայում աշխատող հայաստանցիների մասին պատմող իր հոդվածում:

Թերթը գրում է, որ Ստամբուլ - Երեւան ճամփորդությունը ավտոբուսով 22 ժամ կտեւի, բայց քանի որ հայ - թուրքական սահմանը փակ է, ավտոբուսները Հայաստան են հասնում Վրաստանի տարածքով, ու ճամփորդությունը իրականում տեւում է 36 ժամ: Ուղեւորներին թույլատրվում է 200 կիլոգրամ բեռ տանել, ու այդ օրերին վաղ առավոտից նրանք դեպի ավտոբուսներն են քարշ տալիս իրենց ծանր ճամպրուկներն ու մեծ արկղերը` բեռնած տարբեր ապրանքներով, որոնք տանելով վաճառում են փողոցային առեւտրի կետերում:

Ուղեւորներից մեկը Hurriyet-ին ասել է, որ Ստամբուլ եկող հայերը հիմնականում գալիս են 2 հազարից 5 հազար դոլարով: Ով ավելի քիչ գումարով է գալիս` սովորաբար չի կարողանում անհրաժեշտ գումար հայթայթել վերադառնալու համար: Նրանց վիզայի ժամկետը սպառվում է, եւ, հետեւաբար, դառնում են «անփաստաթուղթ աշխատողներ»:

44-ամյա մի կին, որը երկար տարիներ բուժքույր է աշխատել Հայաստանում, Hurriyet-ին ասել է, թե Թուրքիայում տնային աշխատանքներ է կատարել ուրիշների համար, գումար է խնայել, ու «հիմա արդեն գնալու ժամանակն է»:

Մի գյումրեցի էլ ասել է, թե ապրուստը վաստակում է ճամպրուկային առեւտրի միջոցով:

«Ինչո՞ւ են քաղաքական գործիչները տանջում մեզ նման աղքատ մարդկանց: Ինչո՞ւ է սահմանը փակ: Ինչո՞ւ մենք չենք կարողանում ազատորեն անցնել այն: Երբեմն ինձ թվում է` իմ ուսերին եմ կրում աշխարհի ամբողջ ծանրությունը», - ասել է նա:

50-ամյա Գոհար Գասպարյանը հայտնել է, որ Երեւանում լավ խանութ ունի եւ այստեղ է եկել, որովհետեւ «տեքստիլն էժան է ու որակով»:

Թերթը գրում է, որ համարյա բոլորը թուրքերեն էին խոսում, եւ որ ուղեւորներից շատերն ու տրանսպորտային ընկերության աշխատողները, ավտոբուսների վարորդները իրար ճանաչում էին:

Ավտոբուսի վարորդ Մեհմեդ Կարիջիօղլուն ասել է, որ 14 տարի ուղեւորներ է տանում Հայաստան: «Ճամփորդությունը 36 ժամ է տեւում, երբեմն` 38 ժամ: Որոշ ուղեւորներ ուտելիք ու ջուր չեն ունենում, որովհետեւ դրանք գնելու փող չեն ունենում: Իրոք ծանր է նրանց վիճակը տեսնելը», - նշել է նա:

Ալին, ով 12 տարի է վարորդ է աշխատում, ուղեւորների հետ խոսելով հայերեն է սովորել: Նա ասել է, թե հայերը կարեւոր դեր խաղացին Լալեյլիի վերացող առեւտուրը վերակենդանացնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG