Մատչելիության հղումներ

logo-print

Բենգալյան ծովածոցում գտնվող Նյու Մուր փոքր կղզու պատկանելության շուրջ Բանգլադեշի եւ Հնդկաստանի միջեւ 30 տարի տեւած վեճը բնության կանոններով է կարգավորվել. ծովի մակերեւույթը բարձրացել է, եւ կղզին ամբողջությամբ հայտնվել է ջրի տակ։

«Ասոշեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` այդ փաստը հաստատել են թե' տիեզերական արբանյակներից ստացված լուսանկարները եւ թե' Բենգալյան ծովածոցում պարեկություն իրականացնող երկու երկրների ռազմանավերը։

10.5 քառակուսի կիլոմետր տարածք ունեցող կղզում մշտական ենթակառուցվածքներ չեն եղել, սակայն 1981 թվականին հնդիկ զինվորները պաշտոնական Դելիի հրամանով այնտեղ Հնդկաստանի պետական դրոշն են տեղադրել եւ պարբերաբար ստուգողական այցեր կատարել։

«Հարցը, որը տասնամյակների ընթացքում ի զորու չէին լուծել երկու պետությունների իշխանությունները, ինքնըստինքյան լուծվել է գլոբալ ջերմացման արդյունքում», - ասել է Կալկաթայի Ջավադփուրի համալսարանի պրոֆեսոր Սուգատա Հազրան։

Համալսարանի օվկիանոսագիտության բաժնի մասնագետները անցած տարիների ընթացքում մի քանի անգամ ահազանգել են Բենգալյան ծովածոցում ջրի մակերեւույթի բարձրացման մասին։ Մինչեւ 2000 թվականը այն բարձրացել է տարեկան 3 միլիմետրով, սակայն միայն անցած տասնամյակում տարեկան աճը 5 միլիմետր է կազմել։

Այլեւս անհետացած Նյու Մուրի կղզու հարեւանությամբ ժամանակին գտնվել է Լոհաչարա կղզին, որն ամբողջությամբ ջրի տակ է անցել դեռ 1996 թվականին։ Լոհաչարայի բոլոր բնակիչներին փոխադրել են մայրցամաք։ Պրոֆեսոր Հազրայի խոսքերով` Բենգալյան ծովածոցում հիմա կա անհետացման վտանգի տակ գտնվող առնվազն տասը կղզի։

150 միլիոն բնակչություն ունեցող առանց այն էլ աղքատ Բանգլադեշը գլոբալ ջերմացումից առավել տուժող երկրներից է։ Գիտնականները նախազգուշացնում են, որ գլոբալ ջերմացման ներկայիս տեմպերի արդյունքում Բենգալյան ծովածոցում ջրի մակերեւույթը մինչեւ 2050 թվականը կբարձրանա մեկ մետրով, եւ այդ դեպքում Բանգլադեշի առափնյա տարածքի 18 տոկոսը կհայտնվի ջրի տակ, ինչը կստիպի ավելի ապահով բնակավայրեր տեղափոխել 20 միլիոն մարդու։

Չնայած Նյու Մուրի կղզու անհետացման հանգամանքին, Հնդկաստանի եւ Բանգլադեշի վեճը մնացած կղզիների պատկանելության շուրջ դեռ շարունակվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG