Մատչելիության հղումներ

logo-print

Շարմազանով. «Ադրբեջանը պատրաստ չէ կառուցողական լուծումների»


Armenia -- Eduard Sharmazanov, spokesman for the governing Republican Party of Armenia, undated.

Armenia -- Eduard Sharmazanov, spokesman for the governing Republican Party of Armenia, undated.

Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) մամուլի խոսնակ, Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովի խոսքով, այն, որ Ադրբեջանը հրաժարվել է ուժի չկիրառման մասին համաձայնագիր կնքել Հայաստանի հետ, վկայում է, որ պաշտոնական Բաքուն «պատրաստ չէ կառուցողական լուծումների»:

Հիշեցնենք, որ օրերս Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում նախագահ Սերժ Սարգսյանը կոչ արեց Ադրբեջանին ստորագրել ուժի չկիրառման մասին համաձայնագիր։

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը անցած շաբաթավերջին ասել էր. - «Եթե Հայաստանի նախագահը ցանկանում է վերացնել ուժի կիրառման սպառնալիքը [Ադրբեջանի կողմից], ապա թող վերացնի այն պատճառները, որոնք կարող են հանգեցնել ուժի կիռարմանը, մասնավորապես՝ դուրս բերի զորքերը Ադրբեջանի օկուպացված տարածքներից»:

Էդուարդ Շարմազանովը այսօր ասաց, որ Հայաստանն անհրաժեշտ հետեւություններ է արել Ադրբեջանի մերժման հետ կապված՝ չմանրամասնելով, սակայն, թե որոնք են այդ հետեւությունները։

«Կարծում եմ, ոչ միայն մենք պետք է հետեւություն անենք: Առաջին հերթին հետեւություն պետք է անեն միջնորդ երկրները՝ Մինսկի խմբի համանախագահները, միջազգային հանրությունը, որ եւս մեկ անգամ տեսնեն, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանը կառուցողական լուծումների պատրաստ չէ»:

Խոսելով ղարաբաղյան բանակցությունների մասին` Շարմազանովը ասաց, թե Հայաստանի իշխանությունների դիրքորշումն անփոփոխ է մնացել` Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

Սիրիական Al Watan թերթի հարցազրույցում նախագահ Սերժ Սարգսյանը, մասանավորապես, ասել էր. - «Երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն եւ ստեղծվեն անվտանգության եւ զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին` իհարկե, պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը»:

Այս կապակցությամբ ՀՀԿ-ի մամուլի խոսնակն ասաց. - «Նույն այդ թերթում նախագահ Սերժ Սարգսյանը շատ հստակ ասել է. առաջին՝ խնդիրը չի կարող լուծվել միակողմանի զիջումներով, երկրորդ՝ խնդիրը պետք է լուծվի փոխզիջումների արդյունքում, երրորդ՝ առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծելու որեւէ փոխզիջման մասին խոսք լինել չի կարող, եւ հաջորդը՝ Լեռնային Ղարաբաղը, ստանալով այդ կարգավիճակը, արդեն որպես բանակցային կողմ, կարող է փոխզիջման խնդիր դարձնել նաեւ այդ տարածքները: Խոսքը սրա մասին է՝ միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճանաչումից հետո»:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Շարմազանովը հիշեցրեց Դեյր Զորում Հայաստանի նախագահի հետեւյալ խոսքերը. «Ե՞րբ եւ որտե՞ղ է [լինելու] հայերի Նյուրնբերգը»։ Հարցին, թե արդյոք պաշտոնական Երեւանը Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման առումով բարոյական ակնկալիքներից բացի, սպասում է նաեւ իրավական հետեւանքների, Շարմազանովը արձագանքեց. - «Ոճրագործությունները պետք է պատժվեն թե' բարոյական հարթության մեջ, թե' քաղաքական հարթության մեջ, թե' այլ հարթությունների մեջ»:

Նա անդրադարձավ նաեւ վերջին օրերին ակտիվորեն քննարկվող ներքաղաքական թեմային՝ ասելով. - «Պարոն Քոչարյանը նախկին նախագահ է: Դա շատ նորմալ է, երբ նախկին նախագահները իրենց կարծիքն են արտահայտում այս կամ այն հարցի շուրջ: Իսկ երկրորդ նախագահը կվերադառնա քաղաքականություն թե չի վերադառնա՝ դա բացառապես իր որոշելիքն է»:

ՀՀԿ-ի խորհրդի անդամ Վարդան Այվազյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչի համար է Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ եւ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը խիստ նկատողություն ստացել կուսակցության օրերս կայացած Գործադիր մարմնի նիստի ժամանակ։

«Դա մեր կուսակցության ներքին խնդիրներն են: Վարդան Այվազյանը մեր գործընկերն է, եւ կուսակցությունը իր որոշումն է կայացրել», - արձագանքեց Շարմազանովը:
XS
SM
MD
LG