Մատչելիության հղումներ

Թուրքիայի իշխանությունները խոստանում են լուծել երկրում անօրինական բնակվող հայերի երեխաների ուսման խնդիրը


Ստամբուլի անլեգալ հայկական դպրոցում արված լուսանկարը օրեր առաջ հրապարակել էր Vatan օրաթերթը
Ստամբուլի անլեգալ հայկական դպրոցում արված լուսանկարը օրեր առաջ հրապարակել էր Vatan օրաթերթը

Թուրքիայում անօրինական բնակվող հայերի երեխաները, որոնք սովորում են անլեգալ դպրոցներում, շուտով կարող են ավելի լավ պայմանների ու նորմալ դասասենյակների հույս ունենալ: Պոլսո Հայոց պատրիաքարանի ու «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության ներկայացուցիչները հայտնել են, որ պլանավորում են միասին աշխատել` լուծելու համար օրինական դպրոցներում հայ երեխաների ուսման խնդիրը:

Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի նախագահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հանդիպել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընջի հետ: Հանդիպումից հետո Արամ սրբազանն ասել է, թե փոխվարչապետը խոստացել է լուծել կրթության խնդիրը:

Իր հերթին, Առընջը մամուլին ասել է, թե կրթության հնարավորությունը լավ կլինի ոչ միայն Թուրքիայում անօրինական ապրող հայերի, այլեւ այն հայերի երեխաների համար, որոնք Թուրքիայում ժամանակավորապես են բնակվում:

«Թուրքիան վնաս չի կրի, եթե նրանց երեխաները նույնպես սովորեն դպրոցում: Անձամբ ես կարծում եմ, որ [Թուրքիայում անօրինական ապրող հայերի] երեխաները պետք է դպրոց գնալու հնարավորություն ունենան, եթե մենք հարցին նայում ենք մարդասիրական տեսանկյունից», - ասել է փոխվարչապետը:

Նրա հավաստմամբ` վարչապետը նույնպես դրական կարծիք ունի, որ Թուրքիայում ժամանակավորապես բնակվող ոչ մահմեդական մարդկանց երեխաները ազգային փոքրամասնությունների դպրոցներ գնալու հնարավորություն ունենան: Փոխվարչապետը հայտնել է, որ Էրդողանը խնդրի լուծումը հանձնարարել է կրթության նախարարին:

Սա միանշանակ չի ընդունվում Ստամբուլում ապրող հայաստանցիների կողմից: Մի մասի կարծիքով` իրենց օգտագործում են որպես քաղաքական գործիք, մյուսները գոհունակություն են հայտնել նման հնարավորության համար:

«Սա քաղաքական մանեւր է», - Hurriyet-ի փոխանցմամբ, ասել է 14 տարի Ստամբուլում ապրող` տնային աշխատանքներ կատարող մի հայուհի, ով հրաժարվել է հայտնել իր անունը:

Մեկ այլ հայաստանցի անօրինական ներգաղթյալ, որն աշխատում է Ստամբուլի առեւտրի կետերից մեկում, ասել է. - «Սա շատ ուշացած որոշում է` իմ երեխան հիմա 15 տարեկան է»: Նշելով, որ իր երեխաներից ոչ մեկը դպրոց չի գնացել, նույնպես ներկայանալ չցանկացած հայուհին հավելել է. - «Բայց ավելի լավ է ուշ, քան երբեք»:

Հայերը նշել են, որ հակասական հայտարարությունները հաջորդում են իրար. մեկ շաբաթ առաջ ցնցվել էին իրենց վտարելու մասին հայտարարությունից, հիմա խոսվում է իրենց երեխաներին դպրոց հաճախելու հնարավորություն ընձեռելու մասին: «Տեսնենք` մյուս շաբաթ ինչ կպատահի», - Hurriyet-ին ասել է նրանցից մեկը:

Հայկական դպրոցներից մեկի ղեկավարը, մեկնաբանելով անօրինական բնակվող հայերի երեխաներին սովորելու հնարավորություն տալու մասին Բյուլենթ Առընջի խոսքերը, ասել, թե դա իրավունքի գիտակցում է. - «Սա նվեր չէ: Երեխաները զրկված են կրթության իրավունքից: Սա մարդու իրավունքի խնդիր է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG