Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչը Անկարայում կհանդիպի Էրդողանի հետ


Ռեջեփ Էրդողան

Ռեջեփ Էրդողան

Ուրբաթ օրը Անկարայում կհանդիպեն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը եւ Թուրքիայի հայկական համայնքի ազդեցիկ դեմքերից մեկը` Ստամբուլի Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն: Հանդիպումը կկայանա հայկական կողմի նախաձեռնությամբ:

Հանդիպման նախօրեին թուրքական TRT-ին տված հարցազրույցում Թուրքիայի հայկական համայնքի ներկայացուցիչը ներողություն է խնդրել վարչապետ Էրդողանից` ասելով, թե տեղի է ունեցել թյուրիմացություն, եւ իրենց ներկայացրած սխալ թվերի արդյունքում է վարչապետը լոնդոնյան իր ելույթում նշել Թուրքիայում անօրինական բնակվող 100 հազար հայերի մասին: «Մինչդեռ 30 հազարն են անօրինական ապրում, 70 հազարը Թուրքիայի քաղաքացիներ են», - թուրքական հեռուստատեսության համար մանրամասնել է Շիրինօղլուն:

Թուրքիայի վարչապետը վերջերս Լոնդոն կատարած իր այցի ժամանակ խոսել էր «անհրաժեշտության դեպքում Թուրքիայից անօրինական բնակվող Հայաստանի 100 քաղաքացիներին արտաքսելու մասին»:

Թուրքական Taraf թերթի սյունակագիր, հայազգի Սեւան Նշանյանի կարծիքով` հայ համայնքի ներկայացուցիչը «ներողություն խնդրելով` սխալ է գործել»:

«Թուրքիայի հայերի մեծամասնությունը շատ վախկոտ են, այսինքն` վախենում են: Էրդողանը շատ սխալ էր, եւ գրեթե ամեն մարդ Թուրքիայում, մասնավորաբար` լիբերալ մամուլը, շատ զորավոր կերպով դեմ ելավ Էրդողանին, եւ Էրդողանը կամաց-կամաց մի քանի քայլ ետ քաշվեց, որ ինքը պետք է ներողություն խնդրի, որ սխալ բաներ է ասել: Եվ Շիրինօղլուի ներողություն խնդրելը շատ սխալ բան է», - ընդգծեց Նշանյանը:

Հայազգի լրագրողի համար նաեւ անհասկանալի է հայերի եւ ազգային այլ փոքրամասնությունների նկատմամբ Թուրքիայի կառավարության իրական քաղաքականությունը: Խոսքն ու գործը նրանց մոտ շատ են տարբերվում, ասում է Սեւան Նշանյանը. - «Մի կողմից, շատ նոր, շատ լավ քայլեր են ձեռնարկում, իսկ մյուս կողմից` սարսափելի բաներ է ասում Էրդողանը, եւ այս քաղաքականության մեջ կա՞ արդյոք խելք, ուղղություն ունի՞, թե՞ չունի այդ քաղաքականությունը` անկարելի է հասկանալ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG