Մատչելիության հղումներ

2009 թվականի ընթացքում ավելի քան 6 հազար հայաստանցի այլ երկրներում ապաստան է հայցել


ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիա Գուտերես

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիա Գուտերես

Անցյալ տարի այլ երկրներում ապաստան է հայցել 6 հազար 226 հայաստանցի: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեսի ներկայացրած զեկույցում, որում ամփոփված է 2009 թվականի ընթացքում ապաստանի խնդրանքով դիմումների վիճակագրությունը։

Զեկույցը ներառում է 38 եվրոպական եւ 6 ոչ եվրոպական երկրներից ստացված տվյալներ, որոնց համաձայն, Եվրոպայում ներկայացվել է 286 հազար 700 դիմում, այդ թվում Եվրամիության անդամ երկրներում` 246 հազար 200, Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ Կանադայում` 82 հազար 300, Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում` 6 հազար 500, Ճապոնիայում եւ Հարավային Կորեայում` 1 700։

Ապաստան որոնող անձ է համարվում նա, ով միջազգային պաշտպանություն է հայցում եւ դեռ չունի փախստականի կարգավիճակ։ Դիմումներ ստացող երկրների առաջին հնգյակում են Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Կանադան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան: Ընդհանուր հաշվով, 44 պետություններում ապաստան է խնդրել 377 հազար 200 մարդ։

44 պետություններում ապաստան որոնող հայաստանցիների թիվը 43 տոկոսի աճ է գրանցել, բայց «ռեկորդակիրը» Վրաստանն է. այդ երկրից ապաստանի դիմումների թիվը աճել է աննախադեպ` 102 տոկոսով։

2009 թվականին այլ երկրներում ապաստան խնդրած հայաստանցիների թիվը երկուեւկես անգամ ավելի է, քան ապաստան հայցող Ադրբեջանի քաղաքացիների թիվը` անցյալ տարի 44 երկրներում 2 հազար 477 ադրբեջանցի է ապաստան խնդրել։

6 հազար 226 հայաստանցիների գերիշխող մեծամասնությունը` 5 հազար 963-ը, ապաստանը խնդրել է եվրոպական երկրներում, նրանցից 5 հազար 858-ը` Եվրոպական միության անդամ երկրներում։

Կա վիճակագրություն նաեւ առանձին երկրների կտրվածքով։ 2009 թվականին Ավստրիայում ապաստան է հայցել 439 հայաստանցի, Բուլղարիայում` 39, Հոլանդիայում` 349, Լեհաստանում` 147, Սլովակիայում` 21, Բելգիայում` 1 099, Բուլղարիայում` 39, Կանադայում` 18, Չեխիայում` 19, Դանիայում` 16, Ֆինլանդիայում 11, Գերմանիայում` 241։

Ֆրանսիայում անցյալ տարի ապաստանի խնդրանք է ներկայացրել 3 հազար 114 հայաստանցի. դա, ըստ զեկույցի, 50 տոկոսի աճ է կազմում։

Մի շարք երկրներում` Հոլանդիայում, Լեհաստանում, Սլովակիայում, Բուլղարիայում, Ավստրիայում եւ Ֆրանսիայում, հայաստանցիները ապաստան հայցող այլազգիների առաջին տասնյակում են։

Ինչպես նշված է զեկույցում, Հայաստանից դիմամատուները հիմնականում պատճառաբանում են, որ այստեղ իրենք ենթարկվում են քաղաքական հետապնդումների: Քիչ չեն նաեւ անձինք, ովքեր ներկայանում են որպես կրոնական եւ սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներ:

Տեղեկությունները ճշտելու նպատակով երբեմն տվյալ երկրի միգրացիոն կառույցների ներկայացուցիչները դիմում են հայաստանյան տարբեր կազմակերպությունների:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայաստանի հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը ասաց, որ դիմել են նաեւ իրենց. - «Մեզ դիմում են՝ ստուգելու այս կամ այն հարցի վերաբերյալ մանրամասներ»:

Դանիելյանի վկայությամբ, վերջին երկու տարիների ընթացքում, մասնավորապես 2008-ի մարտյան իրադարձություններից հետո, ապաստան խնդրած մարդկանց ճնշող մեծամասնությունը պատճառաբանել են, թե Հայաստանում ենթարկվում են քաղաքական հետապնդումների:

«Դիմում են [նաեւ] սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները՝ իբր թե իրենք սեռական փոքրամասնության ներկայացուցիչ են, Եհովայի վկաները: Այսինքն՝ մեր հայաստանցիները շատ լավ գիտեն, թե ում են Հայաստանում հալածում, եւ այդպես էլ ներկայանում են այդ երկրներում», - ասաց իրավապաշտպանը՝ չհերքելով, որ երբեմն ներկայացվում են կեղծ տեղեկություններ:

«Շատ դեպքերում, եթե դու այնտեղ ներկայացնում ես փաստաթղթեր, որոնք համոզիչ են, այդ դեպքում հարցում չի կատարվում», - հավելեց Միքայել Դանիելյանը:

Հայաստանի միգրացիոն պետական ծառայության ապաստանի հարցերի բաժին դիմում են Իրաքից, Իրանից, նաեւ քրդեր Թուրքիայից, ովքեր, ըստ բաժնի պետ Պետրոս Աղաբաբյանի, հիմնավորել են, որ քաղաքական եւ ազգային պատկանելության պատճառով են հետապնդվում: Նրանց դիմումները բավարարվել են:

«Ընդհանուր առմամբ [1999 թվականից ի վեր] 1672 հայցող է եղել, որոնցից փախստականի կարգավիճակ են ստացել 37-ը, 986-ին տրվել է ժամանակավոր ապաստան, մնացածի դիմումները մերժվել են., - ասաց Աղաբաբյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG