Մատչելիության հղումներ

Դաշնակցության ներկայացուցիչը գտնում է, որ պետք է քննարկում կազմակերպել Քոչարյանի բարձրացրած հարցերի շուրջ


ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը

Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի կարծիքով, օրերս հրապարակված հարցազրույցում Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը «լուրջ հարցեր» է բարձրացրել, եւ «ճիշտ կլիներ, որ հիմա քննարկումներ լինեն»:

«Որովհետեւ մենք տեսնում ենք, որ կառավարությունը այսօր կանգնած է իսկապես ճգնաժամի առաջ, առնվազն տնտեսության կառավարման ճգնաժամի առաջ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ռուստամյանը՝ շարունակելով. - «Եվ եթե դա երկրորդ նախագահը նույնպես տեսնում է, ենթատեքստում դա է, շատ ճիշտ է: Ուրեմն մեր մոտեցումներն իսկապես այդ առումով շատ մոտիկ են իրար»:

Նրա խոսքով՝ այն, ինչ մասին հարցազրույցում խոսել է Ռոբերտ Քոչարյանը, «ուղղակի անհերքելի փաստեր են»:

Ռուստամյանի համոզմամբ, Քոչարյանը ճիշտ առաջարկ է արել այսօրվա իշխանություններին՝ կապված բնակարանների պահանջարկի պահպանման հետ:

«Այն, ինչ այդտեղ բերվել է, դրանք ուղղակի փաստեր են: Թող ասեն՝ այդ թվերը սխալ է ասում: Ճիշտ է ասում, դա են թվերը եղել: Այսօրվա իշխանությունները դա հերքո՞ւմ են, թե՞ ոչ», - շարունակեց Ռուստամյանը՝ հավելելով. - «Եթե, օրինակ, մի օր այնպիսի վիճակ ունենանք, որ գնողունակ հասարակություն ունենանք բնակարաններ գնելու, դա կնշանակի, որ իսկապես մենք մեծ սոցիալ-տնտեսական թռիչք ենք իրականացրել»:

Հարցին, թե փորձելո՞ւ է Դաշնակցությունը, սատարելով Ռոբերտ Քոչարյանին, կրկին գալ իշխանության, Ռուստամյանը պատասխանեց. - «Մենք դրանով չենք պայմանավորում բացարձակապես մեր քաղաքականությունը: Մեր քայլերը դրանով բացարձակապես պայմանավորված չեն: Քոչարյանը ինչ կորոշի՝ դա իր անելիքն է: Մենք մեր որոշումները ինքնուրույն ենք որոշում եւ ինքնուրույն էլ կատարելու ենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG