Մատչելիության հղումներ

Շիրակցիներն ու լոռեցիները միացել են ՀԱԿ-ի ստորագրահավաքին


Գյումրի հրապարակներից մեկը:
Գյումրի հրապարակներից մեկը:

Ավելի քան 1700 շիրակցիներ ու լոռեցիներ միացել են Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) նախաձեռնած ստորագրահավաքին՝ ուղղված գազի սակագնի բարձրացման մասին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայացրած որոշման դեմ:

«ՀայՌուսգազարդ»-ի բաժանորդների ստորագրությունները՝ անձնագրերի ու գազամատակարար ընկերության հետ կնքած պայմանագրերի պատճենների հետ միասին կցվելու են Կոնգրեսի կողմից կազմվող դատական հայցին՝ գազի սակագնի վերաբերյալ որոշումը չեղյալ հայտարարելու համար:

ՀԱԿ-ի Վանաձորի գրասենյակի աշխատակիցները երկու շաբաթ տնետուն այցելելով՝ բաժանորդներին բացատրել ու, նրանց համաձայնության դեպքում, վերցրել են ստորագրությունն ու պահանջվող փաստաթղթերը: Հիմնական խնդիրը, ինչպես ասում է Կոնգրեսի ներկայացուցիչ Հրաչիկ Համբարյանը, պահանջվող փաստաթղթերն են:

«Եթե միայն ստորագրությամբ սահմանափակվեինք, գրեթե բոլորը կհամաձայնեին ներկայացրած թերթիկը ստորագրել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Համբարյանը:

Շուրջ 200 վանաձորցի բաժանորդ է համաձայնել ստորագրել ու փաստաթղթեր ներկայացնել: ՀԱԿ-ի Վանաձորի գրասենյակի համակարգող Գրիգոր Հակոբյանը սա պայմանավորում է վախի մթնոլորտով. - «Մարդիկ վախեցած են, այդ է պատճառը, որ հրաժարվում են ստորագրել ու ներկայացնել պահանջվող փաստաթղթերը»:

ՀԱԿ-ի նախաձեռնությանը Վանաձորում հիմնականում մասնակցել են թոշակառուներն ու այն բաժանորդները, որոնք որեւէ կերպ կախված չեն իշխանություններից:

Վանաձորցիների մի մասը տեղյակ չէր ՀԱԿ-ի նախաձեռնությանը: Տեղեկանալուց հետո, սակայն, պատրաստակամություն հայտնեցին միանալ ստորագրահավաքին ու ներկայացնել պահանջվող փաստաթղթերը

Վանաձորցիներից մեկն էլ թերահավատ է ՀԱԿ-ի նախաձեռնությանն ու ընդհանրապես ՀԱԿ-ին չի հավատում: «Քաղաքականություն է, մեզ հետ կապ չունի», - ասաց նա:

Հարեւան Շիրակում ավելի շատ ստորագրություններ են հավաքել՝ 1000-ից ավելի գյումրեցի ու շուրջ 300 մարալիկցի է միացել Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնությանը: Գյումրիում, ի տարբերություն Վանաձորի, ՀԱԿ-ի ներկայացուցիչները տնային այցելություններ չեն կատարել: Թռուցիկների ու տեղական հեռուստատեսություններից մեկի միջոցով են տեղյակ պահել բաժանորդներին: ՀԱԿ-ի Գյումրիի տարածքային կառույցի համակարգող Աշոտ Զաքարյանը ավելի քան 1000 բաժանորդի միանալն իրենց նախաձեռնությանը համարում է ոչ բարձր ցուցանիշ:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գյումրիում մոտավորապես 25.000 բաժանորդ կա ու ստորագրահավաքին միացել է 1000-ը, ցածր ցուցանիշ է», - ասաց նա՝ դա բացատրելով հասարակության անտարբերությամբ:

ՀԱԿ-ի Գյումրիի գրասենյակ այցելած բաժանորդները, ովքեր որեւէ կուսակցության չեն անդամակցում, ասում էին, թե այլեւս ի վիճակի չեն ապրել նման պայմաններում:

Գյումրեցի մի թոշակառու կինը ասաց, որ գազից քիչ է օգտվում. - «Շիշը տաք ջրով եմ լցնում ու անկողնում պահում, որ գազ քիչ ծախսեմ»:

Ստորագրահավաքին միացած թոշակառուներից մեկն էլ ինչպես գազի սակագնի բարձրացման, այնպես էլ ընդհանրապես թանկացումների միակ մեղավոր է համարում իշխանություններին:

Մինչեւ ապրիլի 7-ը Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնությամբ Հայաստանի մի խումբ քաղաքացիներ հայցով կդիմեն դատարան՝ գազի սակագնի բարձրացման մասին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայացրած որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG