Մատչելիության հղումներ

Հինգշաբթի օրը Երեւանում կբացվի թուրքական ֆիլմերի երկրորդ փառատոնը, որն այս տարի կրում է «23,5» խորագիրը (այդպես էր վերնագրել իր հայտնի հոդվածներից մեկը Հրանտ Դինքը):

Փառատոնը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ, կազմակերպել է Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը, որի տնօրեն Գեւորգի Վանյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ փառատոնի բացումից առաջ նախ կամփոփվի նախորդ տարի անցկացված թուրքական ֆիլմերի առաջին փառատոնը, եւ միակ՝ «Հանդիսատեսի համակրանքը» անվանակարգում մրցանակը կհանձնվի թուրք կինոռեժիսորին: Վերջինս անունը հրապարակվի վաղը:

Վանյանը տեղեկացրեց, որ այս տարի միայն մրցութային ծրագրում կցուցադրվի 10 ֆիլմ: Կա նաեւ արտամրցութային ծրագիր: Թուրք կինոգործիչները, Գեւորգի Վանյանի փոխանցմամբ, այս տարի շատ ավելի ակտիվ են եղել մասնակցության առումով:

«Առաջին փառատոնի ժամանակ մենք Թուրքիայից ընդամենը մեկ կինեռեժիսորի հայտ ունեինք, իսկ մնացած ֆիլմերը, որոնք մրցութային ծրագրում ընդգրկվեցին, մենք գտանք, «հայթայթեցինք» Թուրքիայում գործող լոկալ եւ միջազգային կինոփառատոնների արխիվներից: Սակայն այս տարի վերջնաժամկետին մենք ստացանք 77 հայտ Թուրքիայից», - ասաց նա՝ հավելելով, թե հայտերը շարունակվում են ներկայացվել մինչեւ օրս, թեեւ ժյուրին արդեն ընտրել է ցուցադրվելիք ֆիլմերը:

Գեորգի Վանյանը շեշտեց, որ ժյուրին ոչ պրոֆեսիոնալ է:

Ընտրվել են գեղարվեստական, վավերագրական եւ անիմացիոն ֆիլմեր, որոնք ներկայացնում են ժամանակակից Թուրքիան:

«Մենք գիտենք մեկ Թուրքիա՝ մեր կարծրատիպերի մեջ տեղավորված Թուրքիան: Սակայն իրականում գոյություն ունի մեկ այլ Թուրքիա, որի մասին մենք չգիտենք: Բացի այն, որ մենք փորձում ենք կամուրջ ստեղծել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, մեր գործունեությունը երբեք չի տեղավորվում քաղաքական կոնյուկտուրայի մեջ», - ասաց փառատոնի կազմակերպիչը:

Թուրքական ֆիլմերը միայն այս եռօրյա փառատոնի ընթացքում չէ, որ ցուցադրվելու են: Դրանք կցուցադրվեն ողջ տարվա ընթացքում՝ մինչեւ հաջորդ՝ արդեն երրորդ փառատոնի բացումը: Ընդ որում՝ դրանք կցուցադրվեն նաեւ մարզերում:

Բացի այդ, Վանյանի խոսքով, իրենք պատրաստվում են այդ ֆիլմերի բազայի վրա ստեղծել Հայաստանում թուրքական կինեմատոգրաֆիայի ֆիլմադարան, որը բաց է լինելու բոլոր քաղաքացիների համար:

Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի սուղ ֆինանսական միջոցները հնարավորություն չեն տվել փառատոնին հրավիրել թուրք կինոգործիչներին: Բայց, ինչպես փոխանցեց Վանյանը, հրավիրվել է եւ արդեն Հայաստանում է արդբեջանցի հայտնի կինոտեսաբան Ուրվին Մեհտին, ով կմասնակցի ֆիլմերի քննարկումներին:
XS
SM
MD
LG