Մատչելիության հղումներ

Հրանտ Դինքի ծննդավայրի մոտ գտնվող հայկական եկեղեցին վերանորոգվելու է


Ախթամար կղզու վերանորոգված եկեղեցին պատկերող պաստառ Վանում

Ախթամար կղզու վերանորոգված եկեղեցին պատկերող պաստառ Վանում

Ստամբուլի «Ակոս» թերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի ծննդավայրի հարեւանությամբ գտնվող հայկական հին եկեղեցին վերանորոգվելու է: Այդ մասին գրում է թուրքական Zaman-ը:

Մալաթիայի արեւելյան Չարմուզու-Կայնարջա շրջանում գործող «Մզկիթ հիմնադրամը» վերջերս դիմել է Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջիկության նախարարություն` վերանորոգելու համար մոտավորապես 300 տարի առաջ կառուցված հայկական Տաշորոն եկեղեցին:

Թերթը նշում է, որ Հրանտ Դինքը 2002 թվականին այցելել էր իր ծննդավայրը եւ ցանկություն էր հայտնել, որ եկեղեցին վերանորոգվի:

«Մզկիթ հիմնադրամի» ղեկավար Lաթիֆ Յիլդիրիմը «Անադոլու» գործակալությանը ասել է, թե հիմնադրամը մի շարք հասարակական կազմակերպությունների եւ Մալաթիայի ոչ մահմեդական բնակչության հետ անցած տարվա սկզբից ջանքեր է գործադրում եկեղեցին վերանորոգելու համար:

Յիլդիրիմը հայտնել է, որ վերանորոգմանը աջակցում է Մալաթիայի տեղական իշխանությունը:

Կարեւորելով հավատի ազատությունը` Յիլդիրիմն ասել է, թե կրոնները պետք է հանդուրժող լինեն միմյանց հանդեպ ու երկխոսություն փնտրեն:

«Հայկական պատմական եկեղեցին փլուզվում է: Այն կառուցվել էր օսմանյան շրջանում, եւ սա ցույց է տալիս, թե որքան հանդուրժողական ու լիբերալ մշակույթից ենք մենք գալիս: Մարդիկ ապրել են բոլորը միասին եւ ազատորեն դավանել իրենց կրոնը: Այդպես է եղել ու այսօր եւս պետք է այդպես լինի», - ասել է հիմնադրամի ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG