Մատչելիության հղումներ

«Թուրքիայում վերաբերմունքը հայկական հարցի շուրջ արմատապես փոխվել է»


Տեսարան Ստամբուլից

Տեսարան Ստամբուլից

«Թուրքիայում վերջին մեկ-երկու տարիներին վերաբերմունքը հայկական հարցի շուրջ արմատապես փոխվել է. այժմ արդեն թուրքական մամուլի գրեթե յուրաքանչյուր ներկայացուցիչ պատրաստ է ազատորեն արտահայտել իր դիրքորոշումն այդ խնդրի շուրջ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց թուրքական Taraf թերթի հայազգի մեկնաբան Սեւան Նշանյանը` ընդգծելով. - «Լրագրողներն ու մտավորականները սկսել են ոչ միայն ազատորեն խոսել այդ թեմայի շուջ, այլեւ ընդունել այդ փաստը»։

«Այժմ թուրքական մամուլի գրեթե յուրաքանչյուր ներկայացուցիչ հստակ դիրքորոշում ունի հայկական ջարդերի վերաբերյալ, գրեթե բոլոր թերթերի ներկայացուցիչները հայկական ցեղասպանությունը որպես փաստ են ընդունում եւ այս օրերին լրջորեն քննադատում են վարչապետ էրդողանի վերջին հայտարարությունը Թուրքիայում ապօրինի ապրող հայերին արտաքսելու մասին», - ասաց հայազգի մեկնաբանը:

Այս առումով, Սեւան Նշանյանին այնքան էլ չի զարմացրել հայկական հարցի շուրջ ընթերցողների կողմից օրերս իրենց իսկ թերթում հրապարակված համատեղ հայտարարությունը: «Մենք չենք կարող անտարբեր մնալ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Մեծ աղետի նկատմամբ, մեր խիղճը մեզ թույլ չի տալիս ժխտել այն», - գրել էին ավելի քան մեկ տասնյակ թուրք մտավորականներն ու քննադատել վարչապետի վերջին հայտարարությունը. - «Մենք բողոքում ենք Էրդողանի կողմից հայ կարիքավորներին որպես պատանդ օգտագործելու դեմ եւ կարծում ենք, որ նրա հայտարարությունը անխղճություն է»։

«Հայտարարության հեղինակներից մի քանիսին ճանաչում եմ եւ վստահ եմ` այս կարծիքը Թուրքիայում այսօր շատերն են կիսում», - ասաց Taraf-ի մեկնաբանը։

«Հրանտ Դինքի սպանությունը շրջադարձային պահ եղավ Թուրիայի համար, եթե մինչ այդ անհնար էր խոսել Հայոց ցեղասպանության մասին, եթե մինչ այդ` այդ մասին խոսելու դեպքում կարող էին դատապարտել կամ անարգանքի սյունին գամել, ապա այժմ իրավիճակը կարծես 180 աստիճանով փոխվել է», - նշեց Սեւան Նշանյանը եւ մանրամասնեց. - «Նրանք, ովքեր պաշտպանում էին այս հարցում Թուրքիայի կառավարության ավանդական դիիքորոշումը, հետզհետե հետադիմում են»։

«Թուրքական պետության գաղափարական հիմքը փլուզվում է աչքերի առջեւ, այլ կերպ ասած` լայն տարածում է գտել համոզմունքը, որ եթե ռազմաքաղաքական վերնախավն ասում է մի բան, ապա մեծ է հավանականությունը, որ այդ ասածը սուտ է։ Այնպես որ, եթե նրանք պնդում են, որ հայոց եղեռն տեղի չի ունեցել, մարդիկ գալիս են եզրակացության, որ այն իրականում եղել է։ Սա շատ մեծ փոփոխություն է թուրքական պետությունում», - ընդգծեց Taraf-ի հայազգի մեկնաբանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG