Մատչելիության հղումներ

Հայաստանի իշխանությունները «ուղղակիորեն հարվածել են պետական շահին»


Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նորանկախ Հայաստանի առաջին արտործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը երեքշաբթի օրը հայտարարեց, թե «Հայաստանի իշխանությունները, կառավարական շրջանակները, կարծելով, թե իրենք պետք է աննախադեպ դիվանագիտական հարթություն ապահովեն Հայաստանի համար, իրականում ուղղակիորեն հարվածել են Հայաստանի պետական շահին, ազգային անվտանգությանն ու մեր իրավունքներին»:

Երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը Րաֆֆի Հովհաննիսյանը, գնահատելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա փուլը, շարունակեց. - «Թուրքերը, ինչպես որ հիմա արդեն իշխանական շրջանակները ընդունում են, դրել են եւ դնում են նախապայմաններ: Իրենք երբեւէ չեն բացի սահմանը, չեն վերացնի այն շրջափակումը, որ իրենք միակողմանիորեն կիրառել են 1993 թվականից: Իրենք երբեք չեն հաստատի դիվանագիտական հարաբերություններ, քանի դեռ, իրենց տեսակետից, չեն բավարարվել այդ հայտնի նախապայմանները. թե պատմությունը քննարկող ենթահանձնաժողով, որին հղում երեկ արեց տիկին Քլինթընը...դե ֆակտո ապօրինի առակա սահմանի ճանաչումը եւ վերահաստատումը որպես դե յուրե սահման, եւ նաեւ, իհարկե, Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը թուրքական տարբերակով: Իրենք ուզում են, որ Հայաստանի պետությունը, Հայաստանի խորհրդարանը վավերացնի Ցեղասպանության պտուղները, Ցեղասպանության հետեւանքները»:

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, թե Հայաստանի իշխանությունները այսօր գտնվում են «բովանդակային հրաժարականի մեջ»:

«[Իշխանությունը] Հրաժարվել է թե' մեր իրավունքներից, թե' մեր հայրենիքի նկատմամբ իրավունքի պաշտպանությունից, թե' սահմանադրական իր պարտականությունից Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ», - ասաց Հովհաննիսյանը՝ եզրափակելով. - «Սա արդեն ցավալի, ողբերգական, առարկայական իրականություն է: Բոլոր նախագահների ժամանակ ես եղել եմ ընդդիմություն, բայց մինչեւ հիմա ոչ մեկը այս մակարդակի չի հարվածել սեփական շահը: Եվ ժամանակն է, որ հայելու մեջ նայեն եւ հասկանան, որ ժամանակակից աշխարհում մեր ներքին վարքը ուղղակիորեն կապված է արտաքին խնդիրների իրացման մեր ներուժի հետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG