Մատչելիության հղումներ

Դադարեցվել են ադրբեջանական գազի արտահանման շուրջ բանակցությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ


Ադրբեջան, «Շահ Դենիզ» հանքավայրը:

Ադրբեջան, «Շահ Դենիզ» հանքավայրը:

«Թուրքիայի տարածքով ադրբեջանական գազի արտահանման շուրջ բանակցությունները Բաքվի եւ Անկարայի միջեւ դադարեցվել են», - երեքշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը։

«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, թուրք նախարարը նշել է, որ ադրբեջանական գազը դեպի Եվրոպա արտահանելու մասին բանակցությունների սառեցման պատճառը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ մեկնարկած հաշտեցման գործընթացն է։

«Մենք արդեն գրեթե մեկուկես ամիս է, ինչ այս խնդրի շուրջ ադրբեջանցիների հետ չենք բանակցել։ Բանակցությունների դադարեցման պատճառները քաղաքական են», - նշել է Յըլդըզը։

Թուրքիայի էներգետիկայի նախարարը նաեւ նշել է, որ դեռեւս հստակ չէ, թե արդյոք ուժի մեջ է ադրբեջանական գազի տարանցիկ արտահանումը շուկայականից ցածր գներով կազմակերպելու` նախկինում արված առաջարկը։

«Ռոյթերզ»-ը հիշեցնում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան բանակցում էին Կասպիական ավազանում գտնվող «Շահ Դենիզ 2» հանքավայրից արդյունահանված գազը Թուրքիայի տարածքով եվրոպական շուկաներ արտահանելու մասին։

«Շահ Դենիզ 2» հանքավայրի գազի պաշարները որոշիչ նշանակություն ունեն «Նաբուկո» ծրագրի իրագործման համար», - նշում է գործակալությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG