Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Ճիշտ չէ հայ - թուրքական գործընթացը այլ երկրների կողմից ցեղասպանության ճանաչման հետ կապելը»


Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյան

«ԱՄՆ-ի Կոնգրեսում քննարկվող [Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252] բանաձեւն այդ երկրի ներքին գործն է, որին մենք չենք միջամտում, որքան էլ այն բարոյապես կարեւոր համարենք», - հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Սիրիա կատարած այցի ընթացքում Al Watan պարբերականին տված հարցազրույցում:

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ ազդեցություն կունենա ամերիկյան Կոնգրեսում քննարկվող բանաձեւի ընդունումը հայ - թուրքական հարաբերությունները կանոնավորելու գործընթացի վրա, Սերժ Սարգսյանը նաեւ ընդգծել է. - «Մենք Հայոց ցեղասպանության ճանաչումը չդարձրինք նախապայման Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բնականոն հարաբերություններ հաստատելու հարցում, քանի որ մեր սկզբունքային դիրքորոշումն է` բարելավել հայ - թուրքական հարաբերություններն առանց որեւէ նախապայմանի: Ճիշտ չեմ համարում փորձերը` կապելու այդ գործընթացն այլ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հետ: Մի բան ինձ համար ակնհայտ է` որքան երկար տեւի մեր հարաբերությունները կանոնավորելու գործընթացը, այնքան կարող է աճել այդպիսի բանաձեւեր ընդունող պետությունների թիվը»:

«Ինձ հաճախ հարցնում են, թե ինչպես պետք է ներկայացնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստերը, եւ արդյոք ճանաչելով ցեղասպանությունը` որեւէ երկիր չի՞ վնասի հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ ընդհանուր առմամբ` Հարավային Կովկասի անվտանգությանը: [...] Դա նույնն է, ինչ ընտրություն առաջարկել անվտանգության եւ արժեքային համակարգի միջեւ: Կարծում եմ, որ մեր տարածաշրջանում տեւական անվտանգությունը հնարավոր է միայն, եթե այն կառուցված է խորապես գիտակցված արժեքային համակարգի վրա», - նշել է Հայաստանի նախագահը:

Հարցին, թե «ո՞րն է թուրքական կողմի սահմանը փակ լինելու տնտեսական գինը Հայաստանի համար», Սերժ Սարգսյանը պատասխանել է. - «Այն մեծ է` հաշվի առնելով թե' տարանցիկ ուղիների սակավությունը, թե' Հայաստանից դեպի Միջերկրական ծով տանող երկաթգծի անգործությունը: Լինի դա արդյունաբերության, առեւտրի, թե ծառայությունների մատակարարում` մեր պետությունների միջեւ առկա է հսկայական չօգտագործված ներուժ: Սահմանի բաց լինելը կարող էր մեծ նշանակություն ունենալ նաեւ այլ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառության առումով»:

Սակայն, Հայաստանի նախագահի կարծիքով, «այդ սահմանի փակ լինելու գինը շատ ավելի մեծ է քաղաքական հարթության մեջ». - «Շրջափակումը ոչ այլ ինչ է, քան ուժի կիրառման միջոցներից մեկը: Դա ոչ միայն վայել չէ 21-րդ դարում ապրող երկու հարեւան պետություններին, այլեւ հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը, միջազգային իրավունքի բազմաթիվ նորմերի: Թուրքիան ավելի ու ավելի շատ է փորձում դերակատարում ստանձնել տարածաշրջանում եւ միջազգային հարթակում: Նա հանդիսանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի եւ 20-ի խմբի անդամ, ձգտում է անդամակցել Եվրոպական միությանը: Այդ ամենն անհամատեղելի է զարգացող տնտեսություն ունեցող հարեւան երկրի նկատմամբ միակողմանի տնտեսական պատժամիջոցներ գործադրելու հետ»:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում հնարավոր փոխզիջումներին վերաբերող հարցին, թե «որո՞նք են այդ զիջումները Հայաստանի պարագայում», Սերժ Սարգսյանը, մասնավորապես, արձագանքել է. - «Անվտանգությունն ամրապնդելու համար Ղարաբաղի շուրջ ձեւավորվեց անվտանգության գոտի: Այդպես հաճախ է լինում պատերազմների ժամանակ, բայց պատերազմը մեր նախընտրությունը չէր: Ի հակառակ Ադրբեջանի պնդումներին` այդ գոտին մեր կողմից ո'չ բնակեցվում եւ ո'չ էլ շահագործվում է: Երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն եւ ստեղծվեն անվտանգության եւ զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին, իհարկե, պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը: Ես բազմիցս հայտարարել եմ այդ մասին»:

«Բայց «փոխզիջում» հասկացության մեջ առանցքային գաղափարը փոխադարձությունն է, եւ պետք է գիտակցել, որ նման իրավիճակներում միակողմանի զիջումները միայն խորացնում են առկա վտանգներն ու սպառնալիքները», - ընդգծել է Սերժ Սարգսյանը Al Watan-ին տված հարցազրույցում, որի տեքստը հրապարակված է նախագահի պաշտոնակայն կայքէջում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG