Մատչելիության հղումներ

«Թեղուտի գործով» դատական նիստը դեռ չսկսված ավարտվեց


Մարիամ Սուխուդյանը Արդարադատության աստվածուհու կերպարում

Մարիամ Սուխուդյանը Արդարադատության աստվածուհու կերպարում

Մարտի 23-ին Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում անսովոր դատական նիստ անցկացվեց: Պիտի լսվեր «Էկոդար» բնապահպանական հասարակական կազմակերպության հայցն ընդդեմ Բնապահպանության նախարարության, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության, ինչպես նաեւ երրորդ կողմ հանդես եկող «Արմենիա Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի: Սակայն դատալսումը դեռ չսկսված ավարտվեց: Դատավորը, հիմք ընդունելով 110-րդ հոդվածը, արագացված կարգով դատաքննությունը համարեց ավարտված:

«Էկոդար» կազմակերպության նախագահ Հրայր Սավզյանի ներկայացրած մոտ 70 էջանոց հայցադիմում փաթեթով հայցվոր կողմը վիճարկում է ՀՀ կառավարության` տարբեր տարիներին ընդունած որոշումները Թեղուտի անտառների վերաբերյալ, պահանջում է չեղյալ համարել դրանք եւ դադարեցնել Թեղուտի հանքավայրի շահագործումը` հիմնավորելով հայցադիմումը Հայաստանի բնությանը եւ տնտեսությանը հասցվող վնասով:

«Կարծում եմ` սա հավելյալ հիմք կծառայի, որ միջազգային ատյաններն ավելի լուրջ քննարկեն այս գործը», - նշեց Հրայր Սավզյանը:

Երիտասարդ բնապահպանները Վարչական դատարանի դիմաց
Դատարանի դիմաց Թեղուտի պաշտպանության խումբը, «Ժառանգություն» կուսակցության երիտասարդները եւ մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ բողոք-ակցիա էին անցկացնում` ի պաշտպանություն Թեղուտի:

Ակցիայի մասնակիցներից յուրաքանչյուրն իր կերպ էր ահազանգում Թեղուտի խնդրի մասին` հակագազերով, կանաչ հանդերձանքներով, «Չակուչդ կոտրվի’, անարդա’ր դատավոր» պաստառներով ու կոչերով:

«Ես մարմնավորում եմ արդարադատության աստվածուհուն, եկել եմ, որ արդարությունը վերացական դաշտից շոշափելի դաշտ տեղափոխեմ: Ես այսօր նաեւ ծոմ եմ պահում, որը դեռ հնում օգնում էր մարդկանց կենտրոնացնալ ու մտասեւեռել ուժերը ինչ-որ բանի ուղղությամբ, այս դեպքում` արդարության», - ասաց Թեղուտի պաշտպանության խմբի ակտիվիստ Մարիամ Սուխուդյան:

Դատարանի առջեւ հավաքված ակտիվիստները, ի պատասխան դատարանի դահլիճում տեղի ունեցածի, որոշեցին թաղել վարչական օրենսգիրքը հենց դատարանի դիմաց:

Վարչական դատարանը «Թեղուտի գործով» իր վճիռը կհրապարակի մարտի 24-ին:

XS
SM
MD
LG