Մատչելիության հղումներ

Թեղուտի հանքավայրին վերաբերող վճիռը կհրապարակվի չորեքշաբթի օրը


Բնապահպանական շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը Վարչական դատարանի շենքի առջեւ անցկացված բողոքի ցույցի ժամանակ, 23-ը մարտի, 2010թ.

Բնապահպանական շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը Վարչական դատարանի շենքի առջեւ անցկացված բողոքի ցույցի ժամանակ, 23-ը մարտի, 2010թ.

Հայաստանի վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանը երեքշաբթի օրը որոշում կայացրեց «Էկոդար» բնապահպանական հասարակական կազմակերպության հայցադիմումը ընդդեմ Հայաստանի բնապահպանության, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունների եւ Armenian Copper Programm ընկերության «Թեղուտ» ՓԲԻ-ի՝ քննել արագացված դատական կարգով եւ, առանց կողմերին լսելու, նշանակեց դատավճռի հրապարակման օրը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց հայցվոր կողմի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը, արագացված կարգը կիրառվում է այն դեպքում, երբ հայցը «ակնհայտ հիմնավոր է կամ ակնհայտ անհիմն», ուստի առանց ապացույցները հետազոտելու կարելի է գալ վերջնական հետեւության: Իսկ տվյալ դեպքում, ըստ փաստաբանի, որեւէ հիմք չկար այդ կարգը կիրառելու:

«Դատարանը չուզեց, որ լինի հրապարակային կարգով քննություն, որովհետեւ այդ դեպքում կբացահայտվեին այն շատ լուրջ խախտումները, որոնք իրականում տեղի են ունեցել: Այս աբսուրդը, որ հիմա տեղի է ունենում, ընդամենը կարող է ծառայել կարճատեւ նպատակների՝ հենց հիմա ինչ-որ բան քողարկել հասարակությունից: Բայց վերջին հաշվով, ես համոզված եմ, որ մենք այս գործը շահելու ենք», - ասաց Ալումյանը:

Դատարանի որոշումը առաջացրել էր նաեւ դատավարությանը ներկա գտնվողների վրդովմունքը, որոնցից մեկը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Սա դատարան չէ, սա դատական պրոցես չէ: Սա խայտառակություն է, երբ վերեւից պատվիրված, չգիտեմ ինչ շահերից ելնելով է այդ բոլորն արվում»:

Հայկ Ալումյանը ասաց, որ իրենք համոզված են, որ վաղը իրենց հայցը մերժվելու է՝ «որպես ակնհայտ անհիմն»:

Վարչական դատարանը, հիշեցնենք, երկու անգամ մերժել էր այս հայցի քննությունը եւ հայցադիմումը վարույթ ընդունել էր միայն Վճռաբեկ դատարանի որոշումից հետո:

Պատշաճ հայցորդ ճանաչված «Էկոդար» հասարակական կազմակերպությունը ծավալուն հայցադիմումով վիճարկում է կառավարության՝ տարբեր տարիների ընդունած որոշումները: Պահանջում է, մասնավորապես, անօրինական ճանաչել Հայաստանի բնապահպանության նախարարության պետական բնապահպանական փորձաքննության երկու եզրակացությունները, Կառավարության՝ Թեղուտի հանքավայրի շահագործման մասին որոշումը, ինչպես նաեւ՝ Armenian Copper Programm ընկերությանը Թեղուտի հանքավայրի շահագործման արտոնագրի տրամադրումը:

Հայցում հիմնավորվում է, թե Թեղուտի հանքի շահագործման դեպքում ինչպիսի վնասներ կկրի բնությունը եւ տնտեսությունը:

Բնապահպանական կոչերով պաստառներով դատարանի շենքի առջեւ հավաքված երիտասարդ բնապահպան ակտիվիստները որպես բողոքի նշան դատարանի բակում թաղեցին «Վարչական դատավարության օրենսգիրքը»:

Կառավարությունը մի քանի տարի առաջ էր որոշել շահագործման հանձնել Թեղուտի հանքավայրերը: Այդ ժամանակվանից ի վեր մի խումբ բնապահպաններ ահազանգում են հանքավայրի շահագործման վտանգի մասին:
XS
SM
MD
LG