Մատչելիության հղումներ

logo-print

Հիլարի Քլինթոնը խոսում է հայ - թուրքական պատմական հանձնաժողովի մասին


Հիլարի Քլինթոն, Մոսկվա, 19-ը մարտի, 2010թ.

Հիլարի Քլինթոն, Մոսկվա, 19-ը մարտի, 2010թ.

«Պատմաբանների հայ - թուրքական հանձնաժողովը ձեւավորման փուլում է», - անցած գիշեր ռուսաստանյան Առաջին հեռուստաալիքի եթերում հայտարարեց Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

Պետքարտուղարը անցած շաբաթ Մոսկվա կատարած այցի ընթացքում հյուրընկալվել էր ռուսաստանցի հայտնի լրագրող Վլադիմիր Պոզների թոք-շոուին: Ծրագրի շրջանակներում Պոզները հնչեցրեց Քլինթոնին հեռուստադիտողների ուղղած հարցերից մի քանիսը: Դրանց թվում էր նաեւ Սոչիի Ծովային ինստիտուտի երկրորդ կուրսի ուսանող Արսեն Թեւանյանի` թիվ 252 բանաձեւի ճակատագրին վերաբերող հարցը:

«Ինչո՞ւ եք Դուք եւ նախագահ Օբաման հակազդում այս բանաձեւի ընդունմանը: Նախընտրական արշավի ժամանակ Բարաք Օբաման խոստանում էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այսօր սակայն նա կարծես մոռացել է իր այդ խոստման մասին», - Պոզների հեղինակային հաղորդաշարի կայքէջում այսպես էր ձեւակերպել իր հարցը հայազգի ուսանողը:

«Չեմ կարծում, որ որեւէ մեկը որեւէ բան մոռացել է: Բայց շատ կարեւոր է, որ այսօր Հայաստանն ու Թուրքիան են համատեղ աշխատանք իրականացնում: Աշնանը Ցյուրիխում Հայաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, մի շարք այլ պետությունների արտգործնախարարների հետ միասին ես էլ էի ներկա արձանագրությունների ստորագրմանը, որոնց նպատակն էր Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների բարելավումը», - նշեց Քլինթոնը` հատուկ հիշեցնելով, որ հոկտեմբերին ստորագրված համաձայնագրերի դրույթներից մեկը պատմական հանձնաժողովի ստեղծման մասին էր:

«Պատմական հանձնաժողովը պետք է զբաղվի անցյալի բոլոր խնդիրների քննությամբ: Կարծում եմ, ճիշտ է, որ երկու պետությունները, երկու ժողովուրդները այս խնդիրները պահում են իրենց ուշադրության կենտրոնում: Ես բազմիցս ասել եմ` մենք չենք կարող փոխել մեզ բաժին հասած անցյալը: Ամենը, ինչ կարող ենք անել այս պարագայում, ավելի լավ ապագային հասնելն է», - հայտարարեց Քլինթոնը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով ԱՄՆ-ի պետքարտուղարի վերոհիշյալ հայտարարությունները` Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը ընդգծեց, որ «Հայոց ցեղասպանության հարցը չի դիտարկվում որպես քննարկման առարկա»:

«Ինչպես բազմիցս արտահայտել են հանրապետության նախագահը եւ արտգործնախարարը, ցեղասպանության փաստը քննարկման ենթակա չէ` Հայաստանը չի քննարկել, ոչ էլ քննարկելու է ցեղասպանության փաստը», - ընդգծեց Բալայանը:

Ինչ վերաբերում է հայ - թուրքական արձանագրություններին, ապա, ինչպես մատնանշեց արտգործնախարարության խոսնակի պաշտոնակատարը, միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը նախատեսված է դրանց վավերացումից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG