Մատչելիության հղումներ

Վրացական խորհրդարանը կարող է քննարկել չերքեզների ցեղասպանության մասին բանաձեւ


Վրաստանի խորհրդարանի նիստը, արխիվային լուսանկար

Վրաստանի խորհրդարանի նիստը, արխիվային լուսանկար

Վրացական խորհրդարանը առաջիկայում կարող է քննարկել չերքեզների նկատմամբ Ռուսական կայսրության կողմից 19-րդ դարում իրականացված ցեղասպանության մասին բանաձեւ: 19-րդ դարի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչելու խնդրանքով անցած շաբաթավերջին Վրաստանի խորհրդարանին են դիմել չերքեզական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք հավաք են անցկացրել Թբիլիսիում:

Սակայն, ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի կովկասյան ծառայության թղթակիցը, այդ համաժողովի մի շարք մասնակիցներ կարծիքներ են հնչեցրել, թե առավել տրամաբանական կլիներ, որ Վրաստանը նախեւառաջ ճանաչեր հայերի նկատմամբ Օսմանյան Թուրքիայում իրականացված ցեղասպանությունը, քանի որ չերքեզ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության ընդունումը հայկական կողմի հակազդեցությունը կառաջացնի:

Ինչպես հայտնի է, Վրաստանը չի ճանաչել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը:

Այդուանդերձ, ինչպես փորձագետներն են կարծում, Վրաստանը չի կարող Հայոց ցեղասպանությունը ճանաչել մի պարզ պատճառով` այդ քայլով երկիրը լրջորեն կվնասի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ իր հարաբերությունները:

Քաղաքագետ Գիա Նոդիան եւս այս տեսակետի կողմնակիցներից է: «Չերքեզների ցեղասպանության հարցի քննարկումը բավական դժվար հարց է, որը Վրաստանին կարող էր փոքր-ինչ անհարմար դրության մեջ դնել Հայաստանի հետ հարաբերությունների առումով», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է քաղաքագետը, միեւնույն ժամանակ կանխատեսելով այս պահին օրակարգային` չերքեզների ցեղասպանությունը ճանաչելու հարցի ապագան. այդ խնդրանքը, ըստ նրա, կքննարկվի, խորհրդարանում ինչ-որ քննարկում կլինի, սակայն վրացի քաղաքագետը համոզված չէ, որ վերջիվերջո ցեղասպանությունը կճանաչվի:

Գիա Նոդիայի գնահատմամբ` այդ հարցը չի արժանանա օրենսդիրների դրական եզրակացությանը, քանի որ «նման որոշումը չափազանց համարձակ կլիներ»:

«Եթե այնուամենայնիվ իրադարձություններն այնպիսի ընթացք ունենան, որ Վրաստանը ճանաչի չերքեզների նկատմամբ իրականացված ցեղասպանության փաստը, այդ դեպքում` Ռուսաստանի վրա այն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ», - պատասխանելով այս հարցին` «Ռուսաստանն ու գլոբալ քաղաքականությունը» լրագրի մեկնաբան Ֆյոդոր Լուկյանովը նկատել է. - «Ինչ որոշում էլ ընդունի վրացական խորհրդարանը, պաշտոնական Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ գոյություն ունեցող հարաբերությունների պատճառով այդ փաստը կարող է բոլորի կողմից իբրեւ միջազգային հանրության ուշադրությունը հերթական անգամ գրավելու փորձ դիտվել»:

Մեկնաբանի գնահատմամբ` «դա, պատկերավոր ասած, կընկալվի որպես Ռուսաստանի տրամադրությունը փչացնելու վրացական հերթական նախաձեռնություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG