Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարի խոսնակը պատերազմի վերսկսման հավանականություն չի տեսնում


Զորավարժություններ Լեռնային Ղարաբաղում:
Զորավարժություններ Լեռնային Ղարաբաղում:

«Այս պահի դրությամբ, պատերազմի վերսկսման հավանականություն չկա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երկուշաբթի օրը վստահեցրեց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը:

Շահսուվարյանը վստահեցրեց նաեւ, որ հայ-արդբեջանական սահմանագծին «այս պահին լարվածություն նույնպես չկա»:

«Լարվածություն այսօր չկա», - ասաց Շահսուվարյանը՝ հավելելով. - «Դա նույն ստաբիլ վիճակն է, ինչ այս բոլոր տարիներին տեսնում ենք»:

Պատերազմի վերսկսման մասին խոսակցությունները ակտիվացել են նաեւ այն պատճառով, որ այս օրերին բանակում ծառայած մինչեւ 50 տարեկան տղամարդկանց կանչում են հաշվառման, ապա՝ ուղարկում զորավարժությունների:

Այս առնչությամբ Շահսուվարյանը ասաց, թե որեւէ արտառոց բան չի կատարվում. - «Դա հիմնականում միտված է մի բանի՝ նախ, ռեալ տեսնել ռեսուրսների առկայությունը: Եվ երկրորդ, որ շատ ավելի կարեւոր է՝ պատերազմական գործողության ժամանակ, որպեսզի ցանկացած հայ զինապարտ մարդ իմանա իր տեղը բանակում»:

Վերջերս նաեւ լուրեր էին շրջանառվում, թե Լեռնային Ղարաբաղում տղամարդկանց ելքի վիզա չեն տրամադրում: Լեռնային Ղարաբաղի Անձնագրային եւ վիզաների բաժնի պետ Լեւոն Չալյանը այդ կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանին երկուշաբթի օրը ասաց. - «Մեր պարտականությունները նորմալ կատարվում են: Որեւէ ցուցում չկա, որեւէ նման գործ չկա: Ոչ մի դադարեցում չի եղել, չի էլ սպասվում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG