Մատչելիության հղումներ

Նոր բացահայտումներ Հրանտ Դինքի սպանության գործում


Թուրք իրավապահները պնդում են, որ 2007 թվականի հունվարի վերջին «Ակոս»-ի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունը երկրի Ռազմածովային ուժերի սպայակազմի կողմից կազմակերպված դավադրության մի մասն էր։

Անցած ուրբաթ Ստամբուլի 12-րդ քրեական դատարանում մեկնարկել է երեք պաշտոնաթող ծովակալների եւ Ռազմածովային ուժերի 30 սպաների դեմ հարուցված քրեական գործի քննությունը։

Դատական նիստի ընթացքում մեղադրող կողմը մի շարք իրեղեն ապացույցներ է ներկայացրել։ Դրանց թվում է եղել 2009-ի գարնանը թուրքական բանակի պաշտոնաթող սպա Լեւենտ Բեքթաշի տանը հայտնաբերված դավադրության ծրագրի տեքստը պարունակող համակարգչային կրիչը։ Դատախազության պնդմամբ` գործողությունների «Քաֆես»` (թարգմանաբար «Վանդակ») անվանումը կրող այս պլանի գլխավոր նպատակը ռազմական հեղաշրջման համար բավարար նախադրյալների ստեղծումն էր։

Դատախազության ներկայացուցիչները պնդում են, որ այս գաղտնի ծրագրի առաջին փուլում կազմվել է Թուրքիայի կրոնական փոքրասմանությունները ներկայացնող ամենահայտնի գործիչների ցանկը։ Երկրորդ փուլում այս ցանկում տեղ գտած անձանց պետք է սպառնալիքներով նամակներ ուղարկվեին։

Իրավապահներին հաջողվել է ծրագրի այս հատվածի իրագործման առնվազն մեկ ապացույց հայտնաբերել։ 2007-ին Ստամբուլի փոստային բաժանմունքներից մեկից սպառնալիքներ պարունակող երկու էջանոց նամակ է ուղարկվել քաղաքում գործող մի շարք հայկական դպրոցների ղեկավարներին։ «2007-ի մայիսի 3-ին ուղարկված այս նամակները կրել են «Վերջին նախազգուշացում» վերնագիրը», - նշված է մեղադրական եզրակացությունում։

Գործողությունների «Քաֆես» ծրագրի հաջորդ փուլում բանակի հետ սերտ կապեր ունեցող լրագրողներին հանձնարարվել էր լայնորեն լուսաբանել կրոնական փորքամասնությունների հասցեին ուղղված սպառնալիքների թեման` պնդելով, որ Էրդողանի կառավարությունն ի վիճակի չէ ապահովել բնակչության այս խմբերի անվտանգությունը։ Ծրագրի ավարտական փուլում էլ նախատեսվում էր մի շարք սպանություններ իրագործել, որոնց մեղքը բարդվելու էր իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության վրա։

Իրավապահները պնդում են, որ «Ակոս»-ի խմբագրապետ Հրանտ Դինքի, Տրապիզնում բնակվող կաթոլիկ հոգեւորական Անդրեա Սանտորոյի, Մալաթիայում բնակվող երեք քրիստոնյաների սպանությունները եւս այս պլանի մի մասն էին։

«Ծրագրի հեղինակները նախատեսում էին, որ այս հարձակումները հանրության շրջանում քաոսի կհանգեցնեն, սակայն նրանց հաշվարկները չարդարացան», - գրում է «Զաման» օրաթերթը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG