Մատչելիության հղումներ

Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց առողջապահական բարեփոխումներին


Բարաք Օբաման ողջունում է Ներկայացուցիչների պալատի քվեարկության արդյունքները, Վաշինգտոն, 21-ը մարտի, 2010թ.
Բարաք Օբաման ողջունում է Ներկայացուցիչների պալատի քվեարկության արդյունքները, Վաշինգտոն, 21-ը մարտի, 2010թ.

Ընդամենը 7 ձայնի առավելությամբ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը կիրակի օրը հավանություն տվեց առողջապահական համակարգի բարեփոխումներին` ծրագիր, որը նախագահ Օբաման համարում էր իր ներքաղաքական ամենակարեւոր խնդիրներից մեկը։

Համակարգի փոփոխության անհրաժեշտության մասին խոսում էին վերջին տասնամյակների գրեթե բոլոր նախագահները, սակայն հաջողեց Բարաք Օբաման:

«Սա պատմական որոշում էր», - քվեարկությունից հետո հայտարարեց Սպիտակ տան ղեկավարը՝ ընդգծելով. - «Այսօր հաղթեց Միացյալ Նահանգների ժողովուրդն ու առողջ բանականությունը։ Մենք եւս մի քար ավելացրինք ամերիկյան երազանքի հիմնասյունին, ճգնաժամի պահին մենք չխուսափեցինք փորձությունից, այլ հաղթահարեցինք այն։ Մենք չխուսափեցինք պատասխանատվությունից, այլ ընդունեցինք այն»։

Նախագահ Օբամայի առաջարկած այս ծրագիրը, որը ավելի քան մեկ տարի լրջորեն քննարկվում ու քննադատվում էր ընդդիմադիր հանրապետականների կողմից, արմատական մի շարք փոփոխություններ է նախատեսում առողջապահական համակարգում։ Դրանցից ամենակարեւորը, թերեւս, անվճար ապահովագրության տրամադրումն է Միացյալ Նահանգների ավելի քան 30 միլիոն քաղաքացիներին, որոնք մինչ օրս ի վիճակի չէին դրա համար գումար հայթայթել։ «Մենք պետք է առողջապահությունը դարձնենք իրավունք, ոչ թե` արտոնություն», - քվեարկությունից առաջ հայտարարում էին դեմոկրատները։

«Շատերը մեզ ասում են` պետք է սպասել, առավել համբերատար լինել, սակայն մենք չենք կարող սպասել. Միացյալ նահանգների ժողովրդին անհրաժեշտ է այս ծրագիրը, եւ անհրաժեշտ է այժմ», - ընդգծում էր դեմոկրատ պատգամավոր Ջոն Լեւիսը։

Ծրագրին դեմ քվեարկող հանրապետականների հիմնական փաստարկը նախաձեռնության բավական բարձր գինն էր: Անապահով ամերիկացիներին անվճար բուժօգնություն տրամադրելու համար, մասնավորապես, նախատեսվում է առաջիկա տասը տարիներին բյուջեից ավելի քան 900 միլիարդ դոլար հատկացնել։ Բացի այդ, ըստ հանրապետականների, օրինագիծը հնարավորություն է տալիս պետությանը միջամտել ապահովագրական ընկերությունների աշխատանքին, ինչը հակասում է կապիտալիզմի հիմնարար սկզբունքներին:

«Այս քվեարկությամբ որոշվում է Ամերիկայի վաղվա օրը. հարկերի ծանր բեռ, չափավորված ապահովագրություն ու միջամտող վարչարարություն։ Դեմոկրատները խարխլում են ամերիկյան ժողովրդի աշխարհայացքը` անզգուշաբար տանելով նրան դեպի սոցիալիզմ», - ձեւակերպել է հանրապետական պատգամավոր Ջեոֆ Դեւիսը։

Վերջինիս աջակիցները հավաստիացնում են, թե մտադիր են շարունակել պայքարը եւ անգամ` փոխել կիրակի օրը տեղի ունեցած քվեարկության արդյունքը, եթե կարողանան բավարար չափով ձայներ հավաքել նոյեմբերին նախատեսված կոնգրեսական ընտրություններում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG