Մատչելիության հղումներ

Մեկնարկում է Բրիտանական ֆիլմերի փառատոնը


Մարտի 22-26-ը Երեւանում արդեն 8-րդ անգամ անցկացվում է Բրիտանական ֆիլմերի փառատոնը, որն ամենամյա չէ, անցկացման տարին նախապես որոշում են կազմակերպիչները: Բրիտանական ֆիլմերի փառատոն անցկացվում է ոչ միայն Հայաստանում, այլ գրեթե բոլոր այն երկրներում, որտեղ գործում է Բրիտանական խորհուրդը:

«Փառատոնը նպատակ ունի խրախուսել անգլալեզու բնօրինակ ֆիլմերի ցուցադրությունը, հայ ուսանողներին հնարավորություն տալ լսելու բրիտանական խոսքը, ինչպես նաեւ տարածել բրիտանական նորարար եւ ստեղծագործ միտքը Հայաստանում», - «Մաքսլիբերթի»-ին պատմեց «Բրիտանական ֆիլմերի փառատոն» ծրագրի ղեկավար Նարեկ Թովմասյանը:

Երեւանում Բրիտանական ֆիլմերը կցուցադրվեն «Մոսկվա» կինոթատրոնում: Ցուցադրությունների մի մասի մուտքն ազատ է, իսկ մյուսների համար տոմսերն ունեն խորհրդանշական գին` 300 դրամ: Տոմսերի վաճառքից ստացված գումարը տրամադրվելու է բարեգործությանը. Բրիտանական խորհուրդը որոշել է աջակցել Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտին` անհրաժեշտ սարքեր ձեռքբերելու հարցում:

Բացի Երեւանից, փառատոնի երկու ֆիլմեր ցուցադրվելու են նաեւ Վանաձորում, բայց քանի որ, ըստ Նարեկ Թովմասյանի, այնտեղ կա լեզվի խնդիր, ֆիլմերը կցուցադրվեն ռուսերեն ենթագրերով:
XS
SM
MD
LG