Մատչելիության հղումներ

Թուրքական Vatan-ի թղթակիցը Լոնդոնում Թուրքիայի վարչապետի արած հայտարարությունից հետո այցելել է Ստամբուլում անօրինական ապրող եւ աշխատող հայաստանցիների երեխաների ընդհատակյա դպրոցը եւ զրուցել երեխաների եւ ուսուցիչների հետ, փոխանցում է News.am լրատվական գործակալությունը:

«Թուրքիայում անօրինական ապրող հայերը կյանքի ծանր պայմաններից ելնելով հեռացել են Հայաստանից եւ մի քանի կոպեկի համար աշխատում են Թուրքիայում, իսկ նրանց երեխաները իրենց ապագան կառուցելու համար մի հայկական եկեղեցու նկուղում կրթություն են ստանում։ Այդ եկեղեցին կառուցվել է Մեծ եղեռնից մեկ տարի առաջ` 1914-ին։ Եկեղեցում կրթություն է ստանում 50 հայ երեխա։ Երեխաների մայրերը մաքրարարությամբ կամ երեխա խնամելով են զբաղված, հայրերը` ժամանակավոր աշխատանքներով։ Քանի որ երեխաները անօրինական կարգավիճակում են Թուրքիայում, նրանց չեն թույլատրում հաճախել Ստամբուլի հայկական դպրոցներ։ Այդ պատճառով Գեդիկփաշայի հայկական եկեղեցին 2003-ից դարձել է անօրինական ապրող հայերի երեխաների կրթական հաստատությունը», - ասված է հրապարակման մեջ:

Եկեղեցու քահանա, արաբկիրցի Գրիգոր Աղաբալօղլուն երեխաներին դասավանդում է եկեղեցու նկուղի երկու սենյակներում։ Դասընթացները հայերենով են, իսկ գրքերն էլ համապատասխանում են հայաստանյան դասագրքերին։ Նախադպրոցական կրթություն են ստանում 3 տարեկանից սկսած։

«Եկեղեցին հայերի համար շատ կարեւոր է, որովհետեւ ժամանակին այստեղ է եղել նաեւ 3 տարի առաջ զազրելի մարդասպանի կողմից սպանված «Ակոս» թերթի նախկին խմբագիր Հրանտ Դինքը։ Աղաբալօղլուն նշել է, որ չնայած դպրոցը օրինական չէ, սակայն երեխաներին դասավանդում են 6 ուսուցիչներ, որոնք դիպլոմավորված կրթություն են ստացել Հայաստանում։ Երեխաներին ուսուցանում են հայերեն, անգլերեն, ռուսերեն, մաթեմատիկա եւ սոցիալական գիտություններ։ Դպրոցում սննդի հարցը եւս խնդիր է։ Ընտանիքները կա'մ երեխաների պայուսակներում ուտելիք են դնում, կա'մ ուսուցիչներին դրամ են տալիս երեխաների համար մոտակա ճաշարաններից որեւէ բան պատվիրելու համար։ Հայոց լեզվի ուսուցչուհի Հերիքնազ Ավագյանը նշել է, որ երեխաների սնունդը անկանոն է, ամեն օր կա'մ ապուր են ուտում, կա'մ լահմաջո», - փոխանցել է Vatan-ը:

Թուրքական թերթի վկայությամբ` երեխաները, ինչպես եւ իրենց ծնողները, չեն ցանկանում հեռանալ Թուրքիայից. - «8-ամյա Եվան ասում է. - «Ստամբուլը սիրում եմ եւ չեմ ուզում ետ վերադառնալ։ Ինչ կլինի, մեզ մի ուղարկեք։ Այստեղ իմ դասերը լավ են։ Ամենաշատը մաթեմատիկան եմ սիրում։ Մեծանալուս պես բժիշկ դառնալ եմ ցանկանում»։ 9-ամյա Մարիամ Մադոյանը նույնպես չի ցանկանում վերադառնալ Հայաստան. - «3 տարի առաջ Թուրքիա եկանք։ Այստեղ ինձ դուր է գալիս, ամեն ինչ շատ ժամանակակից է։ Հայրիկս ինձ կիրակի օրերին ծովափ է տանում։ Իմ տատիկը հիվանդ է, եւ դրա համար ես ցանկանում եմ բժիշկ դառնալ։ Սակայն կտխրեմ, եթե Հայաստան վերադառնանք»։ 12-ամյա Անի Ասլանյանը արդեն Ստամբուլի հետ երազանքներ է կապել. - «Ես երազում եմ Թուրքիայում ապրել եւ մայրիկիս համար մի գեղեցիկ տուն գնել։ Ես ուզում եմ ապրել այնպես, ինչպես ապրում են հեռուստասերիալներում։ Ես վախենում եմ, որ մեզ կվռնդեն»։

Դպրոցում կան նաեւ մահճակալներ, եւ կեսօրին երեխաները քնում են։ Սակայն մահճակալների սահմանափակ քանակի պատճառով հերթով են քնում` նախ քնում են ամենահոգնած երեխաները։

Դասասենյակները սովորական դասասենյակներից փոքր են, սակայն ամեն ինչ կա ներսում։ Ինչպես հայաստանյան դպրոցներում, այստեղ եւս դասասենյակի պատին կախված է Հայաստանի քարտեզը եւ դրոշը, ինչպես նաեւ Հայոց այբուբենը, - նշում է Vatan-ի թղթակիցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG