Մատչելիության հղումներ

1992 թվականին Ռիո դե Ժանեյրոյում տեղի է ունեցել ՄԱԿ-ի շրջակա միջավայրի եւ զարգացման համագումարը, որտեղ առաջարկվել է մարդկության ուշադրությունը ջրային պաշարների հրատապ խնդրին հրավիրելու համար սահմանել հատուկ օր։ ՄԱԿ-ը հավանություն է տվել նախաձեռնությանը եւ 1993 թվականին վճռել է ամեն տարի մարտի 22-ին նշել Ջրի համաշխարհային օրը։

Բնապահպանական առաքելություն իրականացնող ոչ կառավարական բազմաթիվ կազմակերպություններ ամբողջ աշխարհում այդ օրը նախաձեռնում են տարբեր միջոցառումներ։ Այս տարի մարտի 22-ի կարգախոսն է` «Մաքուր ջուր` առողջ աշխարհին»:

Հայաստանում էլ նախատեսված են Ջրի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներ։ «Արեւորդի» էկո-ակումբը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է, որ Երեւանում` Թեքեյան կենտրոնում տեղի կունենա Ջրի համաշխարհային օրվան նվիրված «կլոր սեղան», որին կմասնակցեն Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի էկո-ակումբների սաները:

Կցուցադրվի Գեղարքունիքի էկո-ակումբի նկարահանած «Ջրի ճամփան» 20-րոպեանոց ժապավենը: Բացի այդ, մասնակիցները կտեսնեն «Ջուրը երեխաների աչքերով» թեմայով դպրոցականների պատրաստած գունանկարները եւ «Արեւորդի» փառատոնի շրջանակում կազմակերպված «Մեր առաջին տարրը` կովկասյան ջուր» լուսանկարչական ցուցահանդես-մրցույթից ընտրված լուսանկարներ:

Երեւանի էկո-ակումբի սաները կայցելեն Կաթնաղբյուր` ծանոթանալու ջրարտադրման եւ ջրամատակարարման համակարգին, կտեսնեն, թե ինչպես է կատարվում Երեւան քաղաքի ջրի մատակարարումը` ակունքից մինչեւ հասցեատեր:

Էկո-ակումբները կկազմակերպեն նմանօրինակ միջոցառումներ Գյումրիում եւ Դիլիջանում։

ՄԱԿ-ի փորձագետների տվյալներով` մոլորակի շուրջ մեկ 1 միլիարդ 100 միլիոն բնակիչ ապահովված չէ մաքուր խմելու ջրով։

Գիտնականներն ասում են, որ թեպետ երկրագնդի մակերեսի 75 տոկոսը ջուր է, դրա միայն փոքր մասն է պիտանի խմելու, կենցաղի, արդյունաբերության եւ տնտեսության համար։ Ջրային պաշարների անխնա վատնումը եւ դրանց վերականգմանն ուղղված անբավարար միջոցները սպառնալիք են ամբողջ մարդկության համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG