Մատչելիության հղումներ

Հեծանվային ճամփորդությունը` լուսանկարներում


Թոմ Ալենի լուսանկարներից

Թոմ Ալենի լուսանկարներից

Թոմ Ալենը իր առաջին հեծանվային ճամփորդությունը 3 տարի առաջ է իրականացել, երբ 23 տարեկան էր: Անգլիայից, որտեղ ծնվել ու ապրում էր, պիտի ուղեւորվեր դեպի Ասիա` անցնելով նաեւ Հայաստանով:

Հասա Հայաստան ու պլանավորել էի այստեղ մնալ 3 օր, բայց տարբեր իրադարձություններ տեղի ունեցան ու ես մնացի Հայաստանում, արդեն 2,5 տարի է», - «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց Թոմը:

Թոմն այժմ ամուսնացած է հայ կնոջ հետ, ում հանդիպել է դեպի Հայաստան իր առաջին ճամփորդության ժամանակ: Հենց հայ կինն է նրան Հայաստան բերել նաեւ երկրորդ` այս անգամ չընդատված ճամփորդությունից հետո: Գնացել է Թուրքիա, որտեղից հեծանիվով ուղեւորվել դեպի երկրներ, որոնց մասին լսել էր միայն զանգվածային լրատվամիջոցներից` Սիրիա, Եգիպտոս, Սուդան, Եթովպիա, Ջիբութի, ապա Եմեն, Օման, Արաբական Էմիրություններ, Իրան ու կրկին Հայաստան:

Թոմը ճանապարհներին, հիմնականում միայնակ, անցկացրել է 7 ամիս: Նա պրոֆեսիոնալ լուսանկարիչ չէ, բայց շատ է լուսանկարել ու տեսագրել, լուսանկարչական ապարատը դարձնելով մարդկանց հետ հաղորդակցվելու միջոց: Ճամփորդությունից ամիսներ անց Երեւանում` Նորարար փորձառական արվեստի կենտրոնում, բացել է իր անհատական ցուցահանդեսը:

«Մտածեցի` հետաքրքիր կլինի մարդկանց համար տեսնել լուսանկարներ` արված այնպիսի երկրներում, որտեղ իրենք չեն եղել եւ գուցե այլ պատկերացումներ ունեն», - նշեց Թոմ Ալենը:

Ապրիլին հեծանվորդը կսկսի իր հաջորդ ճամփորդությունը, գնալու է Մոնղոլիա: Այս անգամ մենակ չի լինի, ճամփորդելու է իր անգլիացի ընկերոջ հետ, ով նույնպես փորձառու հեծանվորդ է:

ՆՓԱԿ-ում Թոմ Ալենի լուսանկարների ցուցահանդեսը կգործի մինչեւ ապրիլի 1-ը:

XS
SM
MD
LG